Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Բարոնուհի Քոքսը նամակ է հղել Բրիտանիայի կառավարությանը. «Վաղուց ժամանակն է ճանաչել Ցեղասպանության փաստը»

Մարտ 26, 2010թ. 12:00

104-koks-150x150«Բրիտանական կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը». այս վերնագրով նամակով Բարոնուհի Քերոլայն Քոքսը դիմել է բրիտանական կառավարությանը և խնդրել վերանայել ժխտողական քաղաքականությունը ու ընդունել ճշմարտությունը` ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Միաժամանակ, Բարոնուհին նկատել է, որ անհույս է, թե բրիտանական կառավարությունը կփոխի իր հետևողական մերժման քաղաքականությունը:

Ըստ Քոքսի, խնդիրը արդիական է 3 հիմնական պատճառներով: Առաջինը ըստ Բարոնուհու այն է, որ պետք է անել այնպես, ինչպես վարվել են աշխարհի շատ խորհրդարաններ ու նաև` վերջերս Շվեդիայի խորհրդարանը` Օսմանյան կայսրությունում մեկ և կես միլիոն հայերի կոտորածը ճանաչելով որպես Ցեղասպանություն:

Որպես երկրորդ դրդապատճառ, Քոքսը հիշեցնում է նախորդ տարվա դեկտեմբերին հրապարակված «Եղե՞լ է արդյոք Հայոց ցեղասպանություն» վերնագրով հոդվածը, որտեղ թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը վկայակոչելով Արտաքին հարաբերությունների գրասենյակի պաշտոնական փաստաթղթերը, ցույց է տալիս, թե ինչպես է Բրիտանական կառավարությունը, Խորհրդարանը և հասարակությունը խաբվել:

Մյուս` երրորդ պատճառը, թե ինչու է արդիական Ցեղասպանության ճանաչումը, այն է, որ այս տարի լրանում է Օսմանյան թուրքերի կատարած ոճրագործության 95-րդ տարելիցը և ըստ Քոքսի, վաղուց ժամանակն է ճանաչել ցեղասպանության փաստը: «Ցանկացած չճանաչված ցեղասպանություն, ըստ էության, կարող է ազդակ լինել պոտենցիալ հանցագործներին` հետագա ցեղասպանությունների համար», -նամակում գրել է Բարոնուհի Քոքսը և հիշեցրել Հիտլերի հայտնի խոսքը Լեհաստանում Հոլոքոստը նախապատրաստելիս` «Ո՞վ է ամեն ինչից հետո հիշում հայերի կոտորածը»:

Շարունակելով նամակը, Քոքսը նկատում է, թե ամեն անգամ, երբ որևէ մի նախաձեռնություն է լինում մեկ և կես միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին, թուրքական կառավարությունը կատաղում է և ամեն ինչ անում է կանխելու այն` ընդհուպ մինչև տնտեսական բոյկոտ:

Նման պատասխանը, ըստ նամակագրի, ողբերգական է և ճշմարտության մերժումը վտանգում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Քոքսի կարծիքով, թուրք ժողովուրդն ինքն էլ շատ է ուզում, որպեսզի իրենց պատմության այդ ճշմարտությունը ճանաչվի:

«Երբ ես Թուրքիայում էի և զրուցում էի իմ թուրք գործընկեր պրոֆեսորների հետ, շատերն ասում էին, որ շատ են ցանկանում, որ իրենց երկրի կառավարությունը ճանաչի ցեղասպանությունը: Նրանք գիտեին իրականությունը և խորը վիշտ էին ապրում, որ ստիպված էին թաքցնել ճշմարտությունը և ապրել ստի մեջ», -նամակում շարադրում է Բարոնուհին այնուհետև հավելում.

«Ժամանակները փոխվում են, բայց ինչպես քաղաքակիրթ այլ երկրները ճանաչեցին, ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետներ չունի: Այս երկխոսությունը Ձերդ Գերազանցություն կառավարությանը հնարավորություն է տալիս միանալ մյուս քաղաքակիրթ երկրներին: Ես մեծ վախ ունեմ, որ բրիտանական կառավարությունը դա չի անի, ինչի հետևանքով էլ Բրիտանիան հավերժ անպատիվ կմնա: Բայց ի վերջո հնարավորություն կա, որ Բրիտանիայի խորհրդարանը ևս մեկ անգամ կբարձրաձայնի հարցը և ինչպես Շոտլանդիայի խորհրդարանը, կճանաչի պատմական ճշմարտությունը»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն