Օբաման ու Մեդվեդևը եկել են փոխհամաձայնության
Ինչպես հաղորդում է BBC-ն, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ամիսներ տևած բանակցություններից հետո եկել են փոխհամաձայնության Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման նոր պայմանագրի շուրջ։
Երկու երկրների նախագահների միջև համաձայնությունը ձեռք է բերվել երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Ռուս-ամերիկյան նոր պայմանագրի համաձայն՝ կողմերը պարտավորվում են մարտագլխիկների քանակը հասցնել մինչև 1,550-ի, ինչը գրեթե 30%-ով քիչ է ներկայիս մակարդակից։ Երկու երկրների առաջնորդները ՌՀՍ նոր համաձայնագիրը կստորագրեն Պրահայում ապրիլի 8-ին կայանալիք հանդիպմանը։ Նոր համաձայնագրի գործողության ժամկետը 10 տարի է։
«Այս պատմական համաձայնագիրը ամրապնդում է երկու երկրների անվտանգությունն ու ապացուցում, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանն առաջնորդներ են միջուկային անվտանգության և միջուկային զենքի գլոբալ չտարածման ոլորտում»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։
Վաշինգտոնում մեկնաբանել են, որ նոր պայմանավորվածությունը վերահաստատում է Բարաք Օբամայի պատրաստակամությունը Մոսկվայի հետ հարաբերությունները «վերբեռնելու» հարցում։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսնակ Նատալյա Տիմակովան նշել է, որ «նոր համաձայնագիրն արտացոլում է երկու պետությունների շահերի հավասարակշռությունը»։
ArmAr.am












