Անջեյ Կասպրշիկ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարելի սառեցված համարել»
«2009 թվականի ընթացքում հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում զոհվել է 19 մարդ։ Շփման գծում տարեկան միջինը զոհվում է 30 մարդ, որոնց թվում նաև սովորական քաղաքացիներ են։ 2009թ. մահացու դեպքերի թիվն իջել է 19-ի, ինչը պարբերաբար իրականացվող բանակցությունների արդյունք է։ Այս մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Յուրաքանչյուր մարդկային զոհ ողբերգություն է, ինչից պետք է խուսափել։ Ցավոք սրտի, պայմանավորվածություն ձեռք չի բերվել շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ»,-ասել է Կասպրշիկը։
Ապա նկատել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարելի սառեցված համարել»:
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ նա նշել է. «Նախորդ տարվանից մենք արձանագրում ենք բանակցային ողջ գործընթացի ամենաինտենսիվ փուլը։ 2009-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են 6 անգամ՝ 3 անգամ ՌԴ նախագահի մասնակցությամբ։ Բանակցություններին Դմիտրի Մեդվեդեւի մասնակցության արդյունք էր 2008թ., այսպես կոչված, մոսկովյան հռչակագրի ստորագրումը»:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու անհրաժեշտությանը, Կասպրշիկն ասել է, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ բանակցային գործընթացի վերջնական արդյունքները վավերացման համար ներկայացվեն երկու պետությունների բնակչությանը։
ArmAr.am












