Արցախում արդեն պատրաստվում են մեծ տոնակատարության
Արցախում արդեն նախապատրաստվում են Մեծ Հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Պաշտպանության բանակի օրվան նվիրված տոնակատարություններին:
Կառավարության որոշմամբ` արդեն հաստատվել է տոնական միջոցառումների ցանկը, կազմվել է այդ միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողով` համապատասխան գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդգրկմամբ:
Հանձնաժողովի` մարտի 24-ին կայացած առաջին նիստի օրակարգում ընդհանուր բնույթի կազմակերպչական հարցեր էին:
Տարին հոբելյանական չէ, բայց տոնական միջոցառումների պակաս չի լինի: Կառավարական հանձնաժողովն էլ ամեն ինչ կանի` կառավարության կողմից հաստատված ծրագրով նախատեսվող միջոցառումները հավուր պատշաճի անցկացնելու համար: Պետք է բացառել նախորդ տարվա կազմակերպչական աշխատանքներում տեղ գտած թերությունները, կարեւորում է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Առաջին նիստում հստակեցվեցին գերատեսչություններից յուրաքանչյուրի խնդիրները:
Տոնական միջոցառումների շրջանակներում հանրապետության ուսումնական հաստատություններում նախատեսվող հայրենասիրության դասերը կանցկացվեն մայիսի սկզբներից: Առաջիկա շաբաթվա ընթացքում կհստակեցվեն պետական պարգևների և արժեքավոր նվերների ներկայացված Հայրենական Մեծ պատերազմի և ազատամարտի մասնակիցների ցուցակները: Անմասն չի մնա սոցիալական ապահովության նախարարությունը: Արդեն հստակ ցուցակներով բաշխվող միանվագ դրամական օժանդակությունից բացի Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների համար հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ նախատեսվում է լրացուցիչ դրամական օժանդակություն` հանրապետության նախագահի կողմից: Հանրային հեռուստառադիոնկերությունը, ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթը և քաղաքապետարանի ու շրջվարչակազմերի պաշտոնաթերթերը մարտ-ապրիլ ամիսներին պարբերաբար կանդրադառնան տոնական միջոցառումներին: Դրանց գագաթնակետը կլինի մայիսի 8-ին և 9-ին: Համերգային ծրագրերը շրջկենտրոններում նախատեսվում են անցկացնել մայիսի 8-ին: Նույն օրը կկայանան նաև հանդիսավոր ժողովներ` մայրաքաղաքում և շրկենտրոններում, որոնց ընթացքում էլ նախատեսվում է պետական պարգևների և արժեքավոր նվերների հանձնումը:
Մայիսի 9-ին միջոցառումների շարքը կշարունակվի հիմնականում մայրաքաղաքում: Օրվա ընթացքում կկազմակերպվեն բազմաբնույթ մարզական միջոցառումներ, վաղ առավոտից Ստեփանակերտի և շրջկենտրոնների փողոցներով կանցնեն զինվորական շարասյուներ: Տոնական համերգը և հրավառությունը կկայանան նույն օրը երեկոյան` մայրաքաղաքի կենտրոնական մարզադաշտում: Դրանց կազմակերպումը հանձն է առել ՙՍտեփանակերտի զարգացման հիմնադրամ՚-ը: Մինչ այդ նաև վերանորոգման որոշակի աշխատանքներ են նախատեսվում Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, որոնց շրջանակներում կավարտվի ծածկի կառուցումը:
Նորայր Հովսեփյան, Ստեփանակերտ
ArmAr.am-ի հատուկ թղթակից












