Գլխավոր » Genocide, Ադրբեջան, Լրահոս

Մարաղայում ադրբեջանցիները Ցեղասպանություն են իրականացրել

Մարտ 30, 2010թ. 10:00

Մարաղան ԼՂՀ Մարտակերտի շրջանում գտնվող մի բնակավայր է, որի անունով կոչվել են ադրբեջանցի գրոհայինների կողմից ԼՂՀ տարածքում իրականացված դաժան իրադարձությունները։ 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի գրոհայինները ներխուժել էին հայկական այս գյուղը և դաժանաբար խոշտանգել ու սպանել բոլորին`՝ կին, երեխա, տղամարդ, ծեր ու ջահել, գյուղացիների մի մասին էլ գերի տարել։ Փրկվել էին միայն նրանք, ովքեր հասցրել էին փախչել գյուղից։ Մարաղայի դեպքերը սահմռկեցուցիչ էին իրենց դաժանությամբ. մարդկանց սպանել են միայն այն բանի համար, որ նրանք ազգությամբ հայեր են։
Ադրբեջանական ղեկավարության թողտվությամբ ադրբեջանցի խուժանի ձեռքով իրականացված այս ոճրագործությունը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948 թվականին ընդունած Ցեղասպանության մասին Կոնվենցիայի դրույթներին։ Հետևաբար, Մարաղայում տեղի ունեցածը Ցեղասպանություն էր:

Մարաղայում` ադրբեջանցիների իրականացրած ոճրագործության մանրամասնություններն ուսումնասիրելու նպատակով Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները հարուցում են քրեական գործ։ Մարաղայում կատարված ոճրագործության մասին վկայություն են տալիս ոճրագործության ականատես, հրաշքով փրկված մարաղացիները:

Ըստ վկայությունների, բռնություններն ու գյուղի վրա հարձակումները սկսվել էին դեռ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից: Ի դեպ, ԼՂՀ իրավապահներին հաջողվում է պարզել ադրբեջանցի մոտ 3 տասնյակ այն ահաբեկիչ գրոհայինների ինքնությունը, ովքեր իրականացրել էին այդ հանցագործությունները։ Նրանցից ոմանք առ այսօր գտնվում են հետախուզման մեջ. նրանց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

ArmAr.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ հայկական երկու` ՀՀ և Արցախի Հանրապետությունների գլխավոր դատախազությունների միջև կնքված փոխհամագործակցության հուշագրի համաձայն ՀՀ գլխավոր դատախազության խնդրանքով ԼՂՀ դատախազությունը տրամադրել է Մարաղայի ոճրագործությունը բացահայտող քրեական գործի նյութերը։

ArmAr.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում մարաղացիների ցուցմունքներից հատվածներ
Անտիկ Հոսեփյանի ցուցմունքից

<Այլևս անհնար էր ադրբեջանցիների հետ միասին ապրել. հարաբերությունները նրանց հետ սրվել էին։ Մեր հարևանությամբ գտնվող Մերբաշիրի շրջանի կողմից մեր գյուղի նկատմամբ տարբեր բնույթի բռնի գործողություններ էին կատարվում։ Մենք որոշել էինք մեր ուժերով պատշպանել մեզ, մեր ունեցվածքը, մեր գյուղը։ Բայց քանի որ նրանք թվապես շատ էին, մենք չէինք կարողանում դիմադրել նրանց զինված հարձակումներին։ 1992թ. գարնանը Մերբաշիրի տարածքից զինված խմբավորումները՝ միլիցիայի հագուստներով հարձակվեցին գյուղի վրա, գյուղացիներին սպանեցին։ Մեր սովխոզում որպես պահակ աշխատել է Ամբար անունով մի անձնավորություն։ Նա տիրապետում էր գյուղի իրադրությանը. նա էր նրանց առաջնորդում։ Հետագայում նա արժանացել է բարձր կոչման, բայց կոնկրետ չեմ կարող նշել, թե ինչ կոչման։
1992թ. ապրիլի 10-ին ժամը 5-6-ի սահմաններում լսեցի գոռում-գոչյուններ, թե՝ փախեք ադրբեջանցիները գալիս են մեզ ոչնչացնելու։ Շատերը հասցրին փախչել, բայց մեծ մասը`՝ նրանք, ովքեր բնակվում էին գյուղի ներքևի մասում, չհասցրին դուրս գալ։ Մենք դիմեցինք փախուստի։ Հետո վերադարձանք ու տեսանք, որ սպանվել է մոտ 139 խաղաղ բնակիչ, նրանցից 15-ը մեր թաղից էին>: (Նշված են անունները):

Սերգեյ Ղարիբյանի ցուցմունքից
<1992թ. ապրիլի 10-ին տեսել եմ, թե ինչպես են ադրբեջանցիները մտնում մեր գյուղ։ Նրանք ճանապարհին հանդիպած մարդկանց վրա կրակում էին, սպանում, տները թալանում, վառում։ Ես ծեր մորս շալակած՝ գյուղից մի կերպ փախել եմ։ Հետո իմացանք, որ մեր գյուղը ադրբեջանցիներից հետ են վերցրել։ Վերադարձել եմ գյուղ։ Գյուղի մուտքի մոտ մեր գյուղից մի կին եմ տեսել, մորթած, մեջքի վրա ընկած, գլուխը չի եղել։ Հետագայում իմացել եմ, որ այդ կինը մեր գյուղացի Աննան է եղել։ Ամբողջ գյուղը համարյա ավերել, քանդել, վառել, թալանել էին, մարդկանց սպանել։ Սպանվածներին մեր գյուղացիները հավաքել տարել էին հին դպրոցի մոտ, փոս փորել ու բոլորին միասին այնտեղ թաղել։ Նույն օրը մոտ 65 հոգու գերի են վերցրել, նրանցից մի մասին փոխանակել են, բայց մեծ մասը մինչև օրս էլ պարզ չի, թե ո՞ւր են, չկան։ 1992թ. հունիսի 17-ին ադրբեջանցիները մեր գյուղը նորից վերցրել են ու մենք այլևս այնտեղ չենք վերադարձել>։

Ռաֆիկ Մովսեսյանի ցուցմունքներից
<1988թ. փետրվար ամսից սկսած, երբ այլևս հնարավոր չէր ադրբեջանցիների հետ կողք-կողքի ապրել ու ԼՂԻՄ-ի ժողովուրդը որոշեց անջատվել Ադրբեջանից, մեր գյուղի հարևանությամբ գտնվող Միրբաշիրի շրջանում բնակվող ադրբեջանցիների կողմից գյուղի նկատմամբ կատարվում էին տարբեր բնույթի բռնի գործողություններ։ Իսկ 1992թ. ապրիլի 10-ին, ժամը մոտավորապես, 10-ի կողմերը արդեն գյուղացիները լաց ու կոծով մեկը մյուսին տեղեկացնում էին, որ թուրքերը գյուղ են մտել. որ ով հասցրել փախել էր, ով էլ չէր հասցրել փախչել ադրբեջանցիները բռնել մորթել, սպանել էին, տները վառել։ Մեզ հաջողվեց փախչել գյուղից։ Սակայն հաջորդ օրն իմացանք, որ մեր գյուղն ազատագրվել է, ապրիլի 11-ին վերադարձանք գյուղ։ Ամենուր դիակներ էին՝ ծեր, ջահել, երեխա, ոչինչ հաշվի չէին առել, բոլորին մորթել էին։ Նրանց բոլորին թաղել էին հին դպրոցի մոտի այգում։ Մոտ 55 հոգու>։

Ալվարդ Ալախվերդյանի ցուցմունքից

Ադրբեջանի զինված բանակի կողմից գյուղը բռնազավթելու ժամանակ, երբ սկսեցին ռմբակոծել գյուղը, ես վերցրի երկու երեխաներիս և մտա տան նկուղասենյակ։ Երբ ռմբակոծությունը մի քիչ հանդարտվել էր, ես երեխաներիս ու բարեկամներիս հետ գյուղից փախել եմ։ Ամուսինս մնացել է գյուղում`՝ գյուղը պաշտպանելու։ Մեր տղաներին հաջողվեց ադրբեջանցիներին հաջորդ օրը դուրս շպրտել մեր գյուղից։ Հաջորդ օրը, երբ վերադարձանք գյուղ, ամուսնուս գտնաք մեռած։ Նրան ու իր մորը սպանել էին բռնի գործողություններով։ Նրանց երկուսի գլուխներն էլ կտրել էին ադրբեջանցիները։Նրանց չէին գնդակահարել, գլուխներն են կտրել։
Զոհվել էր նաև քեռիս։ Այդ օրը սպանել և գերի են տարել մոտ 150 մարդու։ Նրանք խաղաղ բնակիչներ էին։ Գերիներից միայն 10 հոգու են փոխանակել։ Մյուսների մասին ոչինչ չգիտենք>։

Ռոմա Կարապետյանի ցուցմունքից
<1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական միլիցիայի և ահաբեկիչ ջոկատների ուժերով զանգվածային հարձակում սկսվեց Մարաղայի խաղաղ բնակչության վրա։ Այդ օրը նրանք գազանաբար սպանեցին գյուղի 60 խաղաղ բնակիչների, 48 հոգու էլ պատանդ տարան, գյուղի 150 տները հրկիզեցին>։

Ախանդ Մկրտչյանի ցուցմունքից
1992թ. ապրիլի 10-ին եղել եմ մեր գյուղում. ադրբեջանցիները մտել են մեր գյուղ ու հանդիպած մարդկանց՝ ծեր, կին, երեխա սպանել են ու գերի են տարել։ Այդ օրը սպանվել է 50-ից ավելի մարդ, 70-ից ավելի գերի են տարել։ Նրանք մարդկան առավել դաժանությամբ էին սպանում. օրինակ՝ Շուրային ու Մանյային դրել էին ցանկապատի վրա ու վառել։ Բորիկի գլուխն էին կտրել, Սաշային գցել էին տանկի տակ… Սպանվածներին բոլորին հուղարկավորել ենք նույն գերեզմանում. հին դպրոցի հետևի ծիրանի այգում փոս փորեցին, բոլորին այնտեղ թաղեցին։

Էդիկ Աբրահամյանի ցուցմունքից
<1988թ ԼՂԻՄ-ում սկսված ազգային ինքնորոշման շարժումից հետո ադրբեջանցիների կողմից սկսվեցին հայերի հետապնդումները։ 1989թ. սեպտեմբերի 3-ին, երբ ընկերոջս հետ ուղևորվում էինք Մարտակերտ, ճանապարհի եզրին հավաքված մարդիկ տեսանք։ Նրանք կանգնեցրին մեքենան։ Մենք ոչինչ չկասկածելով կանգ առանք. ադրբեջանցիներ էին։ Նրանք ծեծի ենթարկեցին մեզ։ Նրանցից մեկը դանակը դրեց կոկորդիս, բայց մյուսն ասաց` չսպանեք։ Դրանից հետո նրանք կտրեցին իմ ականջը, մեքենան ջարդեցին, մեզ գցեցին բամբակի դաշտը՝ թողնելով, որ բամբակի դաշտում արյան արտահոսքից մեռնեմ։ Երկու ժամ հետո եկան Բարղա քաղաքի ՆԳ աշխատակիցները, մեզ տարան բաժին, որտեղ տեսնելով ինձ արնահոսելիս՝ անուշադրության մատնեցին իմ վնասվածքը։ Մի քանի ժամ անց բաժին եկավ ադրբեջանցի դատաբժիշկը, որի վարորդը ևս մասնակցել էր մեր ծեծին ու նվաստացմանը։ Երբ այդ մասին տեղեկացրինք նրան նա սկզբում ձևացրեց, թե ուզում է ձերբակալել այդ վարորդին, բայց հետո բաց թողեց նրան։

1992թ փետրվարի 16-ին, երբ մեր գյուղացիներից մի քանիսի տրակտորով գնում էինք սովխոզին պատկանող անասնագոմեր, կրակոցներ լսեցինք։ Շարժվեցինք այդ ուղղությամբ և տեսանք մի խումբ ադրբեջանցիներ քաղաքացիական հագուստով, ինքնաձիքներով զինված կրակում են։ Նրանք կրակ բացեցին մեզ վրա ու փախան. ես վիրավորվեցի ողնաշարից, վիրավորեցին նաև Լյովային, իսկ Վանիկը մահացավ։ Ինձ տեղափոխեցին Մարտակերտի հիվանդանոց։ Քանի որ գտնվում էինք շրջափակման մեջ ինձ անհրաժեշտ բժշկական օգնություն հնարավոր չեղավ ցուցաբերել։ Միայն մայիսին ինձ հնարավոր եղավ տեղափոխել հիվանդանոց։ Սակայն բժիշկներն այլևս անկարող էին օգնել ինձ։ Մինչև օրս իմ ոտքերը չեն շարժվում, ես անդամալույծ եմ։

Աղուն Մկրտչյանի ցուցմունքից
1988թ. ԼՂԻՄ ազգային շարժման սկզբից ադրբեջանցիների վերաբերմունքը մեր նկատմամբ կտրուկ փոխվեց։ Եվ քանի որ մեր գյուղը սահմանակից էր Միրբաշիրի հետ և ճանապարհն անցնում էր մեր գյուղի մոտով, նրանք այդ ճանապարհով զենք ու զինամթերք էին տեղափոխում, այդ ընթացքում սպանում էին մեր գյուղի անասունները։ Իսկ 1991թ. սկսած նրանք զինված հարձակումներ էին գործում գյուղացիների վրա։ Այդ ժամանակ նրանք սպանեցին Հայկազին, հետո՝ Վաչեին։ Հիմնական ոտնձգությունները մեր գյուղի խաղաղ բնակիչների դեմ սկսվեցին 1992թ. փետրվարից։ Ադրբեջանցիները երեք կողմից ռմբակոծում էին գյուղը։ Ապրիլի 10-ի երեկոյան 5-ի կողմերը նրանք երեք կողմից անցան լայնածավալ հարձակման։ Ես մյուս համագյուղացիների հետ փախա գյուղից, բայց տեսել եմ, թե ինչպես են գյուղ մտած ադրբեջանցիները ազգային հողի վրա մեր հայ համագյուղացիներին սպանել։ Հաջորդ օրը, երբ մենք վերադարձանք գյուղ տեսել ենք թե ինչ դաժանությամբ՝ հրկիզման եղանակով, սպանվել էին բոլորը>։

ArmAr.am-ը շնորհակալություն է հայտնում ՀՀ գլխավոր դատախազությանը այս ցուցմունքները տրամադրելու համար:

ArmAr.am


Դիտել Genocide, Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն