Գլխավոր » WestArmenia, Լրահոս

ԼՂՀ նախագահը մասնակցել է «Bridge Artsakh 2010» 2-րդ տնտեսական համաժողովին

Հունիս 27, 2010թ. 11:56

Bako SahakyanԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին մասնակցել է «Bridge Artsakh 2010» 2-րդ տնտեսական համաժողովին և հանդես եկել ողջույնի խոսքով:

«Հարգելի ներկանե՛ր։

Ողջունում եմ «Բրիջ Արցախ-2010» 2-րդ տնտեսական համաժողովի մասնակիցներին և մաղթում հաջող ու արդյունավետ աշխատանք:

Ուրախալի է, որ այս կարևոր միջոցառման անցկացումն Արցախում արդեն իսկ դարձել է բարի ավանդույթ, ինչի համար երախտագիտություն եմ հայտնում նրա կազմակերպիչներին ու նախաձեռնողներին: Դա լավ առիթ է մեր հանրապետության տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին տեղում ծանոթանալու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկելու, Արցախը արտաքին աշխարհին ներկայացնելու համար:

Լեռնային Ղարաբաղում բարձր ենք գնահատում Հայաստանի և օտարերկրյա գործընկերների հետ երկկողմ կապերի ու շփումների զարգացման, փոխշահավետ համագործակցության հաստատման յուրաքանչյուր փորձ: Մենք բաց ենք նման համագործակցության համար և պատրաստ ենք քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ: Մեզ մոտ ստեղծված են բարենպաստ պայմաններ ներդրումային ծրագրերի հաջող իրականացման և գործարարության հետագա զարգացման ուղղությամբ: Դրանում համոզվելու հնարավորություն են ընձեռում նաև նման նախաձեռնությունները:

Հուսով եմ, որ համաժողովի շրջանակներում կլինեն գործնական քննարկումներ, կծավալվի արդյունավետ երկխոսություն, ինչը օգտակար կլինի ինչպես Արցախի, այնպես էլ տարբեր երկրների գործարարների համար:

Բարեկամնե՛ր, կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ Արցախ այցելելու և տնտեսական համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար, մաղթում եմ ձեզ հաջողություններ ու ամենայն բարիք »,-ասել է Բ. Սահակյանը:

ArmAr.am


Դիտել WestArmenia, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն