<Չեմ վախենում, որ կարող եմ արժանանալ Դինքի ճակատագրին>
Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհրդի` հունիսի 21-ին կայացրած որոշմամբ փակվել է երկրում մեծ ճանաչում ունեցող հեռուստածրագրերից մեկը: TekeTek-ը թուրքական Haberturk հեռուստաընկերությամբ հեռարձակվող բացառիկ ծրագիր էր: Բանն այն է, որ հիշյալ ծրագրի շրջանակներում պարբերաբար խոսվում է Հայոց Ցեղասպանության մասին և դրանվ իսկ հնարավորություն էր տրվում հայկական ու թուրքական կողմերին ներկայացնել իրենց պնդումները:
Հիշեցնենք, որ հիմնականում մարտի 9-ին հեռարձակված հաղորդումը պատճառ դարձավ ծրագրի փակման համար: Երկու հյուրերից մեկը` պոլսահայ ականավոր լեզվաբան, գրող-հրապարակախոս Սեւան Նիշանյանն էր, մյուսը` թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն:
Հաղորդման ընթացքում սուր բանավեճ է եղել Նիշանյանի ու Հալաչօղլուի միջեւ: Երբ վերջինը փորձել է հերթական անգամ ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, Նիշանյանը նրա առջեւ է դրել Ցեղասպանության փաստը հաստատող մի շարք փաստաթղթեր: 1915թ. սահմռկեցուցիչ իրադարձությունների հետեւանքով մի ողջ հանրություն արմատախիլ արվեց իր մայր հայրենիքից, որտեղ ապրել է հազարավոր տարիներ>,- ասել էր լեզվաբան Սեւան Նիշանյանը
Հաղորդումից անմիջապես հետո Թուրքիայի հեռարձակման վերահսկողության պետական կառույցը հնչեցրեց իր մեկնաբանությունը, թե. <Հաղորդման ընթացքում Սեւան Նիշանյանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած տեսակետներն <անցել են քննադատության բոլոր սահմանները>, և պարունակում են <վիրավորական տարրեր>:
Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Նիշանյանը պարզաբանել էր, թե որոշել է մասնակցել հաղորդմանը, որովհետեւ ժամանակն էր, որ ինչ-որ մեկը հանդես գար ընդդեմ ստերի: Շատերը քննադատում էին Նիշանյանին հաղորդման ժամանակ ագրեսիվ լինելու համար: Ի պատասխան հնչող քննադատություններին Սեւան Նիշանյանն ասել է.<Գուցե ամենամեծ սխալս այն էր, որ շատ էի բարկացել: Բայց Հալաչօղլուն ստում էր, իսկ հաղորդման հեղինակ Ֆաթիհ Ալթայլը անընդհատ միջամտում էր ինձ: Այլեւս անհնար էր հանդուրժել>:
Հայ լեզվաբանը նաև հաստատել է, որ հաղորդման ավարտից հետո իրեն սպառնացել են, բայց ինքն անտեսել է դրանք: Եվ նույնիսկ չի էլ վախենում, որ կարող է արժանանալ Ակոս Թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ճակատագրին. <Սպառնալիքները կյանքիս մի մասն են, ու ես լավ գիտեմ` դրանք որտեղից են գալիս>:
ArmAr.am












