Է. Նալբանդյան.<<Մենք բարձր ենք գնահատում Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը>>
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադառնալով Կանադայում տեղի ունեցող Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ երեկ արած հայտարարությանը, ասել է. «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների’ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների ցանկությունը եւ հետևողական ջանքերը աջակցելու հակամարտության կողմերին’ մոտեցնելու դիրքորոշումները եւ առաջ ընթանալու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Կարևոր է, որ Կանադայում Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունը, հղում կատարելով 2009 թ. հուլիսի 10-ի Լ’Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան դրույթներին, կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր’ որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ: Դրանք են. Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, ինչը նշանակում է’ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում, անխափան ցամաքային կապ պետք է լինի Հայաստանի եւ Արցախի միջեւ եւ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ:
Հայտարարության մեջ հիշատակված մադրիդյան առաջարկությունների տարրերը ևս մեկ անգամ հիշեցնում են Լ’Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան փաստաթղթի հրապարակված դրույթները: Իսկ Հայաստանը ավելի քան երկու տարի առաջ հայտարարել էր, որ ընդունում է, ճանաչում է մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք:
Համանախագահ երկրների ղեկավարները փաստում են, որ 2007 թ. մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցություններում կարևոր քայլ, ևս մեկ հանգրվան է գրանցվել, հատկապես ուղիղ10 օր առաջ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որտեղ կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում և պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա:
Գալիք օրերը ցույց կտան, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է շարժվել այդ ուղիով, թե շարունակելու է իր ռազմատենչ կեցվածքը’ փորձելով ձախողել խաղաղ գործընթացը նոր սադրիչ եւ ապակառուցողական քայլերով»:
ArmAr.am












