Գլխավոր » Մշակույթ

Ադրբեջանում դավանափոխ են արվում հայկական եկեղեցիներն ու վանքերը

Սեպտեմբեր 24, 2009թ. 12:24

ekegheciՄեկի հարամը հաջողի, մյուսի հալալը կորուսի

Հայաթափելով Ադրբեջանի ողջ տարածքը` այս հանրապետության` ազգային մոլուցքով տառապող պետական այրերը անմիջապես ձեռնամուխ եղան նաև հայկական պատմա-ճարտարապետական հինավուրց քրիստոնեական հուշարձանների դավանափոխության գործընթացին:

Ադրբեջանցիները, որ 21-րդ դարի առաջին տասնամյակում անգամ դժվարանում են կողմնորոշվել իրենց ծագումնաբանության հարցում` մերթ իրենց անվանելով Ալբանիայի 26 ցեղերի հետնորդները, մերթ գտնելով, որ որպես ժողովուրդ ձևավորվել են թուրքմենական սև և սպիտակ ( կարակոյունլու-աղկոյունլու) ոչխարապահ վաչկատուն ցեղերի, ինչպես նաեւ թալիշների, ավարների, լեզգիների ու քրդերի միավորումից« և վերջապես, որ իրենք ոչ պակաս զտարյուն թուրքեր են, քան օսմանյան թուրքերը, հարմար համարեցին այս վիճահարույց և կնճռոտ խնդրի պարզաբանումը թողնել ապագա սերունդներին: Ո՞վ գիտե, մեկ էլ տեսար Ադրբեջանի հասարակայնության լայն զանգվածներին հայտնի դարձավ ազգությամբ ուդի, սակայն մահմեդականություն ընդունած Հաջի Չալաբիի անունը, որին դեռես 1700 -ական թթ. իր բաշիբոզուկներով հաջողվեց Քուռ գետի աջ և ձախ ափերի համարյա ողջ բնակչությանը` հիմնականում շուրջ երեք հարյուր հազար հայերին, բռնի մահմեդականացնել: Հնարավոր կլինի՞ արդյոք չեզոքացնել պատմական այս փաստարկը: Չէ՞ որ այն շատ վտանգավոր է «երկու ազգ, մեկ պետություն» կարգախոսի համար: Ուրեմն, ոչինչ չպետք է խնայել որդեգրած կարգախոսի իրականացման ճանապարհին ի հայտ եկող խոչընդոտների ու արգելքների հաղթահարման համար:

Ահա թե ինչու, վերջին մեկուկես տասնամյակների ընթացքում, ոչ առանց պետական բարձրաստիճան այրերի լուռ համաձայնության ու աջակցության, հայկական եկեղեցիներին կից մինարեթներ կառուցվեցին, ժամանակակից տեխնիկայի շնորհիվ վերացվեցին քրիստոնեության և հայկականության բոլոր հետքերը, իսկ եկեղեցիները վերածեցին գործող մզկիթների: Ի դեպ, նույն ճակատագրին արժանացավ նաև Գանձակի (ԳյանջաԿիրովաբադ) երբեմնի հայկական թաղամասում վեր խոյացած հոյակերտ հայկական եկեղեցին, որն Ադրբեջանի նորօրյա վայ պատմաբանները սեպտեմբերի 17-ին, « Day.az» լրատվական գործակալության մատուցմամբ, մկրտել են որպես ալբանական:

Այս տարվա սեպտեմբերի կեսերին կրոնական կառույցների գծով աշխատանքների պետական կոմիտեի որոշմամբ դադարեցվել են մի շարք մզկիթների, որոնց թվում և Գանձակի հայկական եկեղեցում գործող մզկիթի գործունեությունը: Այս հանրապետության կրոնական հարցերով պատասխանատու չինովնիկը իշխանությունների նման վճիռը պատճառաբանել է նրանով, որ Գանձակի հայկական եկեղեցում գործող մզկիթը գործունեություն ծավալելու համապատասխան թույլտվություն չուներ: Ասել է թե` մզկիթի ինքնահռչակ մոլլան, եկեղեցին սրբապղծելուց բացի, զբաղվում էր ինքնագործունեությամբ, այլ, ավելի ստույգ տերմինաբանությամբ` կրոնական բիզնեսով:

Սենսացիոն տարրեր պարունակող սույն տեղեկատվությունն ինքնին արտառոց լինելուց բացի լուրջ խորհրդածությունների տեղիք է տալիս, քանի որ այս օրերին Ադրբեջան այցելող արտասահմանյան երկրների զբոսաշրջիկները, լինելով «մզկիթներում», հազիվ են կարողանում իրենց հիացմունքը զսպել ադրբեջանական ժողովրդի լավագույն զավակների միջնադարյան «ինժեներական մտքի», «շինարարական անզուգական տաղանդի» հանդեպ: Եթե խորհրդային շրջանում հաջողվել էր ազգայնացնել պարսիկ աշխարհահռչակ մի շարք բանաստեղծների, ինչու՞ չպիտի հաջողվի դավանափոխել նաև ներկա պահին իր տարածքում գտնվող հայկական քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը: Հետո ինչ, թե դրանց կառուցման ժամանակ իրենք` որպես ազգ ու ժողովուրդ, նույնիսկ ձևավորման նախնական փուլում չէին:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ



Դիտել Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`