Զորավարժություններ Արցախում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի ղեկավարման համակարգի կատարելագործման և, միաժամանակ, բոլոր աստիճանի հրամանատարների պատրաստությունը հերթական անգամ ստուգելու նպատակով, հունիսի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ՊԲ-ում անցկացվեցին շտաբային զորավարժություններ:
Միջոցառմանը ներգրավված բանակային միավորումների և զորամասերի վարչություններն ու սպայական անձնակազմը վերադասի կողմից իջեցված ներմուծականները ստանալուն պես ծավալվեցին պահեստային, իսկ ապա նաև առաջնային հրամանատարական կետերում և ըստ իրադրության զարգացման անցան առաջադրված խնդիրների կատարմանը:
Ենթակա զորամասերի, ծառայությունների և ուղղությունների հետ իրադրության ճշտումն ու համապատասխան հանձնարարականների իջեցումը, որն իրականացվում էր ժամանակակից կապի բոլոր միջոցներով, կատարվում էր ընթացքից և ըստ իրավիճակից բխող զարգացումների:
Մարտի ընթացքում հաշվի էին առնվում գործողությունների վարման առանձնահատկություններն ու զորատեսակների ճիշտ և նպատակային կիրառման պահանջները:
Զորավարժությունների ողջ ընթացքում արձանագրված դինամիկ զարգացումներն ու վերջնական արդյունքները ցույց տվին, որ հանրապետության Զինված ուժերի ղեկավարման համակարգն ու միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարական կազմը լավագույնս են տիրապետում իրենց պարտականություններին և պատրաստակամ են հավուր պատշաճին կատարելու առաջադրված ցանկացած մարտական խնդիր:
ArmAr.am












