Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

«Այս պայմաններում գիտության ոլորտում առաջընթաց չենք ունենա»

Հունիս 28, 2010թ. 21:04

«Այն գումարները, որոնք այսօր տրամադրվում են գիտության ոլորտին, շատ քիչ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և հավելեց, որ «այս պայմաններում մտածել, որ գիտության ոլորտում կունենանք առաջընթաց, կարծում եմ, որ հնարավոր չէ»:

Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սասուն Գևորգյանի խոսքերով, այսօր գիտության ոլորտում առաջընթաց չկա: «Մեզ մոտ համոզված են, որ հիմնարար գիտությունները պետք է ֆինանսավորի պետությունը, սակայն դա այդքան էլ ընդունելի չէ: Ամբողջ աշխարհում հիմնարար գիտությունները ֆինանսավորում են տարբեր աղբյուրներից: Այն, որ Հայաստանում հիմնարար գիտությունները չեն ֆինանսավորվում տարբեր աղբյուրներից, դրա պատճառն այն է, որ աշխատանքները սխալ են կազմակերպվել: Այսօր էլ գիտության ոլորտում մեծ խնդիր է ֆինանսավորման ճիշտ կազմակերպումը»,- ասաց նա:

Ըստ նրա` Հայաստանում ճիշտ չի գնահատվում գիտության վիճակը: «Հայաստանում գիտության ոլորտը անկազմակերպ է բազում ուղղություներով, դրա համար էլ գիտության վիճակը բավականին տխուր է»,- ասաց նա:

«Այսօր գիտության ոլորտում պետք է ընտրել գերակա համարվող ուղղությունները և ֆինանսավորել դրանք: Սակայն այսօր գիտության զարգացման ռազմավարության մեջ գերակա են համարվում գիտության բոլոր ուղղությունները: Սակայն այդքան էլ գումար չկա, որ բոլոր ուղղությունները ֆինանսավորեն, այս դեպքում ի՞նչ պետք է անենք»,- հարցրեց նա:

Հարցին, արդյոք շատ երկար չի ձգձգվու՞մ այդ գերակա ուղղությունների ընտրությունը,   Արտակ Դավթյանը պատասխանեց, որ, իսկապես, գործընթացը ձգձգվում է: «Սակայն, եթե մենք ընտրում ենք գերակա ուղղությունները, ապա այստեղ հարց է առաջանում` մյուս ուղղությունների հետ ի՞նչպես պետք է վարվենք»,- ասաց նա:

Սասուն Գևորգյանի խոսքերով, այսօր կա ևս մեկ խնդիր` գիտությամբ այսօր զբաղվում են, հիմնականում, թոշակառուները: Ըստ նրա` պետք է երիտասարդ գիտնականներին խրախուսել և քաջալերել գիտությամբ զբաղվելու համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն