Այսքան հեռուստաալիք, բայց ոչ մի ալեկոծություն
Մի ջանասեր միջակություն մի անգամ ասաց, որ ժամանակակից աշխարհում մամուլը հնացած, իր դարն ապրած երևույթ է. ապագան համակարգիչներինն է: Ակամայից հիշեցի «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարը, որի հերոսներից մեկը հեռուստատեսության արշալույսին պնդում էր, որ ապագայում չեն լինի ոչ կինո, ոչ թատրոն, այլ միայն հեռուստատեսություն: Հիմա կա մամուլ, որ ի հեճուկս ժամանակից շուտ ապագա հասած «մարգարեների»` չի մեռնում և, դատելով ամեն ինչից, չի էլ պատրաստվում մեռնել, ընդհակառակը, կա նաև դրա հեղինակավոր տեսակը` աշխարհում ճանաչված, որի նույնիսկ մի տողը երբեմն միջազգային արձագանք է գտնում:
Ժամանակակից լրատվամիջոցներից ամենահզորը, թերևս, հեռուստատեսությունն է` ազդեցության իր ուժով և մատչելիությամբ: Մեզանում գոնե այդպես է: Բայց հայկական հեռուստաընկերությունները, տեղեկատվական գործառույթից զատ, ունեն նաև, ավելի ճիշտ, պիտի ունենան նաև ազգային-քարոզչական դեր: Առայժմ գերնպատակը անվնաս լինելն է, իսկ հետևանքը` երկչոտ պահվածքը: Հեռուստաընկերություններ չանվանենք, քանի որ դրանք շատ բանով չէ, որ իրարից տարբերվում են, բայց նկատենք, որ դրանք` պետական-պաշտոնական քարոզչության առաջամարտիկ և քաջամարտիկ Հայկական առաջին ալիքի առաջնորդությամբ` իրենց որակով ու կարողություններով, իհարկե, չեն սպառնում ոչ կինոյին, ոչ թատրոնին, ոչ էլ մի ինչ-որ ուրիշ բանի, քանի որ քարոզչական նման անկարողությամբ, անհամ ու անճաշակ հաղորդումների ուսած բեռով ընդհանրապես անվնաս են, այսինքն` անօգուտ: Այսքան հեռուստաալիք, բայց ոչ մի ալեկոծություն: Մի-երկու հատուկենտ հաղորդումից զատ, հայ հեռուստադիտողին հետաքրքրում է միայն, թե որ ժամին և որտեղ են անջատելու գազը կամ ջուրը` հերթական-մշտական վթարային աշխատանքներ իրականացնելու համար:
Տպավորությունն այնպիսին է, որ միակ հոգսը եթերը «լցնելն է» ու գլխացավանքից հեռու մնալը: Այն էլ հիմա, երբ, մասնավորապես, ադրբեջանական լրատվական ամբողջ համակարգը` մամուլ, հեռուստատեսություն, համացանցային կայքեր, լծված է հակահայ քարոզչության «սրբազան» գործին: Ինչո՞վ ենք մենք սրան պատասխանում. Կամ լռությամբ, կամ մի երկչոտ հաղորդմամբ, կամ լուրերի թողարկման մեջ խցկած մի-երկու արտահայտությամբ:
Համակարգված, ծրագրված, փոխպայմանավորված քարոզչությունը և հակաքարոզչությունը մեզանում իսպառ բացակայում են: Իշխանություններին էլ սա, կարծես, առանձնապես չի անհանգստացնում. մարդիկ առաջնահերթ գործերով են զբաղված, օրինակ` օտարալեզու դպրոցներ բացելով: Բանն այնտեղ է հասել, որ նույնիսկ Հայաստան-Արցախ միասնական քարտեզ ցուցադրելը դիտեցինք խիստ ազգային և համարձակ մի ձեռնարկում: Հետաքրքիր է` ումից կամ ինչից են վախենում մանավանդ մասնավոր կոչվող հեռուստաընկերությունները` ադրբեջանցիների՞ց, թե՞ մեր իշխանություններից:
Օրերս մեր պետական այրերին քարոզչության ոլորտում ակտիվանալ հորդորեց նաև բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը չթաքցրեց, որ Եվրոպան հավատում է Ադրբեջանին, այսինքն, Հայաստանի տեղեկատվական համակարգը ոչ թե կաղում է, այլ ընդհանրապես չի քայլում: Եվրոպայի քաղաքացին մեղավոր չէ. նա պատմական իրադարձությունների մեջ խորանալու ոչ ցանկություն ունի, ոչ էլ մանավանդ հավես: Նրան պետք է մատուցել, ընդ որում, սովոր փաթեթավորումով: Իսկ Ադրբեջանն իր սուտը ճշտի տեղ է անցկացնում, քանի որ հակահայ քարոզչությունը պետական մակարդակի վրա է դրված: Մեր հարևան խաշնարածը մեր աչքի առաջ ժողովուրդ է դառնում, իսկ մենք մեր ժողովրդին խցկել ենք ընդարմության ճահիճը:
Ոչ ոք հեռուստաընկերություններին, մյուս լրատվամիջոցներին հանիրավի քարկոծելու նպատակ չունի, բոլորիս է անհրաժեշտ իրոք ազգային հեռուստատեսություն և առաջին հերթին` պետությանը: Ուրեմն, չի կարելի եթերն անհամ հաղորդումներով «քոռուփուչ» անել: Արցախի հիմնահարց ունենք, որ հիմա դիվանագիտական պատերազմի բարձրակետում է գտնվում:
Չգիտեմ, գուցե անխուսափելի են այսօր եթերը հեղեղած տխմար սերիալները, որոնք գողությունից… մեղա Աստծու, բռնությունից, թմրամոլությունից, հազարումի հիմարությունից բացի բան չեն սովորեցնում, բայց հաստա՛տ դա չէ ազգային հեռուստատեսության ոգին: Ասվածը չի նշանակում հեռուստատեսությունը դարձնել ագիտկետ, բայց գիտության նվաճում համարվող այդ արկղը հաստատ աղբի համար չէ:
Ռուսական գերտերությունից իբր դուրս պրծանք, հիմա էլ մեր օձիքից կառչել է ամերիկյան մագիլը` իբրև «գրանտ», իբրև մի չգիտեմ ինչ «կենտրոն», ինչ-որ դասախոսություն ու խրատ և բոլորը` ի վնաս հայկականության, ազգային ոգու և դիմագծի:
Լեզու է աղավաղվում, միտումնավոր արհամարհվում է, այսինքն, պղծվում է Հայրենիքը, օտարամուտ, փողոցային բառերի հեղեղից գորշանում է եթերը, ինչ-որ անհասկանալի ազգության տարրեր սկսել են հայերեն խոսել իբր ամերիկյան առոգանությամբ: Հենց այս ճանապարհով է ազգային արժեքների պաշտպանությանը կոչված հեռուստատեսությունը դառնում արևելյան բազմադեմ բազարի բարձրախոս:
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ` ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
ArmAr.am
հեռուստատեսություն, տեղեկատվություն, ազգային-քարոզչություն, Արցախի հիմնահարց, Ադրբեջան, սուտ












