Գլխավոր » Culture-Hogevor, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հոգևոր

Վեհափառ.«Մենք ուրախ ենք ողջունելու ձեզ Հայոց հինավուրց հողում»

Հունիս 29, 2010թ. 14:31

hamajoxovԻնչպես հայտնի է հուլիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանային համաժողովի 17-րդ կոնֆերանսի բացման արարողությանը, որին մասնակցեց և Համաժողովի մասնակիցներին իր Հայրապետական օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Տեղեկացնենք, որ համաժողովին մասնակցում են 16 երկրների շուրջ 70 պատվիրակներ:

Մինչ բացման արարողությունը համաժողովի մասնակիցները ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այնուհետև ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում իր աշխատանքը սկսեց 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովը: Համաժողովի բացմանը ողջույնի և օրհնության խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց Հայրապետը:

Ստորև ներկայացված է Նորին Սրբության խոսքն ամբողջությամբ:

Հարգելի խորհրդարանականներ,

Մենք ուրախ ենք ողջունելու ձեզ Հայոց հինավուրց հողում, քրիստոնական առաջին երկրում, որը Տիրոջ խաչի առջև խոնարհվել է դեռևս 301 թ.: Սա միայն հյուրընկալության ուրախություն չէ, այլև` ուրախությունն այն գիտակցումի, որ տեղի է ունենում հանդիպում ի Քրիստոս եղբայրների և արդիական շատ հարցերում համախոհների: Մենք հավատում ենք, որ այս հանդիպումը որպես շարունակություն Աթենքում, Սո‎ֆ‎իայում, Երուսաղեմում և Պատմոս կղզում կայացած նման ժողովների ևս օգտակարություն կունենա ներկա աշխարհի համար վճռորոշ հարցերի պատասխանների փնտրման ճանապարհին:

Պետական գործիչների` մասնավորաբար օրենսդիրների համար արդիական կարևորագույն խնդիրներից մեկն առնչվում է աշխարհիկ պետության գաղափարի հետ: Այսօր եկեղեցու պետությունից տարանջատվածության հասկացությունը հաճախ ընկալվում է երկու հաստատությունների` միմյանց  բացառման սկզբունքով, ինչը հանգեցնում է կրոնական հաստատություններից պետական կառույցների և որ ավելի ցավալի է, պետական  գործիչների օտարացմանը: Ավելին, իշխանության մարմինների, ինչպես և իշխանությունը կրող անձանց մեջ հիշյալ միտումը հանգեցնում է հոգևոր կրոնական հարցերի նկատմամբ անտարբերության ձևավորմանը: Հարցերի, որոնք ծագում են ամեն քայլափոխի վրա և այսպես, թե այնպես գտնվում են հետնախորքում այն խնդիրների, որոնք պետությունը փորձում է լուծել: Մենք համոզված ենք, որ անհնար է աշխարհիկ հարցերի լիարժեք վճռումը, երբ պետությունն ու նրա ծառայողները բաժանված են այն կրոնական հիմքից, որը ձևավորել է հոգևոր աշխարհը և նկարագիրը ժողովրդի, ում կյանքի ուղին նրանք կոչված են որոշելու և ում ձգտումները նրանք պետք է իրագործեն: Այդ պատճառով Մեզ համար հատկապես արժեքավոր է, որ Համաժողովը միավորել է այն քաղաքական գործիչներին, ովքեր անտարբեր չեն կենսական այդ խնդիրների հանդեպ ոչ միայն պետության համար ավանդական եղող քաղաքական, տնտեսական, ընկերային և այլ համարժեք ասպարեզներում, այլև` հոգևոր ասպարեզում: Գնահատելի է, որ Համաժողովը միավորել է խորհրդարանականների, ովքեր մեկտեղում են քաղաքականությունը և հավատքը, օրենսդրական գործունեությունը և աստվածահաճո ջանքը` իրենց երկրների գերագույն օրենսդիր մարմիններում հոգևոր աշխարհընկալման ներդրման և քրիստոնեական ավանդական արժեքների ամրապնդման:

Անգնահատելի է Համաժողովի գործունեությունը քրիստոնյա հնավանդ ժողովուրդների միավորման հարցում: Տարբեր երկրների խորհրդարանականների հաղորդակցումը Համաժողովի շրջանակներում, արդեն նախադրյալ է, գուցե և` նույնիսկ երաշխիք խաղաղության և եղբայրության համար այդ երկրների միջև, ուրեմն և` նշանակալի ներդրում ողջ մարդկության` վիթխարի հոգևոր տարածության մեջ: Կարծում ենք նաև, որ այսպիսի հանդիպումներն ու փոխադարձ շփումները պիտի նպաստեն մեր ժողովուրդների միջև անհասկացողությունների և թյուրընկալումների հետևանքով երբեմն առաջացող լարվածությունների ու տարաձայնությունների հաղթահարմանը: Այս առումով Մեր խոսքը վերաբերում է հայ- վրացական եկեղեցական փոխհարաբերություններին ի մասնավորի` Վրաստանի հայոց թեմին իրավաբանական պատշաճ կարգավիճակ տրամադրելու և հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու խնդիրներին, ինչպես նաև հույն և հայ պատրիարքությունների միջև Երուսաղեմում պարբերաբար ծագող անհասկացողություններին, որոնք վստահ ենք, ևս հնարավոր պիտի լինի հարթել երկխոսության և փոխադարձ հասկացողության եղբայրական ոգով:

Հայ Առաքելական Եկեղեցուն մեծապես հուզող խնդիրներից է նաև քրիստոնեական ավանդական արժեքների հասարակական լայն շրջանակներում ներգրավվածությունը, այն է աշխարհում հոգևոր գործոնի դերակատարության բարձրացումը, մշակույթում և ամենօրյա կյանքում քրիստոնեական ընկալումների ամրապնդումը, կրոնական ‎մոլեռանդության հաղթահարումը, համաշխարհայնացման համահարթեցնող վտանգների դիմագրավումը: Մեզ հավասարապես հուզող խնդիրներից է նաև կրոնական և ազգային փոքրամասնությունների, ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանությունը, որոնք տարբեր կերպով արտահայտված են Սերբիայի, Կիպրոսի և այլ հարցերում Համաժողովի պաշտոնական փաստաթղթերում: Հիշյալ դիրքորոշման հետ է կապված այն իրողությունը, որ 1996 թ., երբ դեռ ոչ մի միջազգային կազմակերպություն չէր համարձակվում տեսնել Ղարաբաղը ինքնուրույն միավոր, Համաժողովը առաջինն էր, որ Աթենքի կոն‎ֆերանսի մասնակիցների թվում ներառավ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը:

Անհնար է թերագնահատել Համաժողովի որոշումը` դուրս գալ Եվրոպայի աշխարհագրական սահմաններից և ներառնել իր կազմում  Ասիայից, Ավստրալիայից, Ա‎ֆրիկայից պատգամավորություններ, որոնք մասնակցում են Համաժողովի աշխատանքներին 2001 թվականից: Այդ որոշումը թելադրված է գիտակցությամբ, որ Համաժողովի համար առաջնահերթ խնդիրները համամարդկային են, և որ դրանց լիարժեք վճռման համար անհրաժեշտ է ներառնել նաև այդ շրջանների քրիստոնեական եկեղեցիները, ինչպիսիք` Ասորական, Եթովպիական, Ղպտի, Մալանկարա Եկեղեցիները, որ միավորված են Հայ Առաքելական Եկեղեցու հետ Հին կամ Արևելյան ուղղափառության ընտանիքում: Մեր նպատակների նույնության մասին վկայում է և այն, որ Մեր և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի կողմից այս տարվա մարտին ստորագրված Համատեղ հռչակագրում հատկապես ընդգծված է կարևորությունը քրիստոնեական հավատքի և նրա վրա հիմնված արժեքների տարածման, կարևորությունը աշխարհի համար վճռորոշ միջքրիստոնեական և միջկրոնական հաղորդակցության զարգացման, անհրաժեշտությունը ջանքերի համատեղման` դիմակայելու քրիստոնեական ավանդական երկրներում կեղծ կրոնական շարժումների ներխուժմանը, կանխելու համար վնասաբեր և քայքայող գործողությունները տարբեր աղանդների:

Վերստին արտահայտելով Մեր ուրախությունը այսօրվա հանդիպման առիթով, Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համաժողովի անդամներիդ, մաղթելով, որ Աստված աջակից լինի ձեզ` պսակելու ձեր աշխատանքները նոր ձեռքբերումներով և առաջընթացով: Մեր աղոթքներն ենք առաքում առ Բարձրյալը հայցով` հուշելու ուղիներ և առաջնորդելու այդ աշխատանքներն Իրեն հաճելի, ուրեմն և` միակ ճշմարիտ ուղղությամբ:

ArmAr.am


Թեգեր`

Դիտել Culture-Hogevor, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն