«Ադրբեջանն ու Թուրքիան ունեն հստակ ամրագրված քայլերի մի ցանկ»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն օգտագործելով իր պաշտոնական դիրքը, հորդորել է բյուրոյի անդամներին ստորագրել ադրբեջանցի պատվիրակ Հուսեյնովի կողմից շրջանառության մեջ դրած հակահայկական բանաձևի տակ, ինչի արդյունքում ադրբեջանցիները կարողացել են հավաքել 34 ստորագրություն: Այս մասին ասուլիսում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Այդ 34 ստորագրողների հետ ես զրուցել եմ` ցանկանալով իմանալ, թե որտեղից է ծնվել այդ բանաձևը: Նրանցից շատերը չգիտեին էլ, թե որտեղ է գտնվում Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը: Այսինքն, երբ որ տեսել են, որ բյուրոյի անդամները դրել են իրենց ստորագրությունը, իրենք էլ են ստորագրել»,- ասաց Զ. Փոստանջյանը: Եթե ադրբեջանցիները թուրքերի հետ համագործակցության արդյունքում մի քանի ամսվա ընթացքում են կարողացել հավաքել 34 ստորագրություն, ապա հայաստանյան պատվիրակությունը 2-3 օրվա ընթացքում կարողացել է հավաքել 56 ստորագրություն:
«Ադրբեջանն ու Թուրքիան ունեն հստակ ամրագրված քայլերի մի ցանկ, թե որը որից հետո պետք է իրագործեն, որպեսզի կարողանան այնպես անել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափը փոխեն`ոչ թե Մինսկի խումբը զբաղվի այդ խնդրով, այլ խնդիրը տեղափոխվի Խորհրդարանական վեհաժողով, որ կարողանան առաջ տանել ադրբեջանանպաստ լուծման տարբերակը»,- ասաց բանախոսը:
Զ. Փոստանջյանը տեղեկացրեց, որ իրենց հավաքած ստորագրությունների արդյունքում ղարաբաղյան հարցի քննարկումը տեղափոխվել է աշնանային նստաշրջան: Սակայն նա մտավախություն ունի, որ այդ նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակությանը «ավելի դժվար օրեր են սպասվում», քանի որ Թուրքիան ունենալու է երկակի ազդեցություն. «Այս պահի դրությամբ նախարարների կոմիտեն ղեկավարում է Մակեդոնիան, որին փոխարինելու է Թուրքիան, այսինքն կոմիտեն կղեկավարի հավանաբար Դավութօղլուն (եթե, իհարկե, այդ ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը լինի): «Այս պարագայում մեր աշխատանքը մի քիչ կբարդանա, սակայն եթե հայկական պատվիրակությունը միասնական դիրքորոշում ցուցաբերի, ապա չեմ կարծում, որ մենք չենք կարողանա հաղթահարել այդ դժվարությունները»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Զ. Փոստանջյանը նաև ասաց, որ Ադրբեջանի կողմից տարված հակահայկական քարչոզությունն այս 10 տարիների ընթացքում «նստվածք» է թողնել, քանի որ կան պատվիրակներ, որոնք նույնիսկ մտածում են, որ այդ տարածքը իսկապես զավթված է: Փոստանջյանը պատվիրակներին բաժանել է ԼՂՀ-ի վերաբերյալ տեղեկատվություն:
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 19-20 Հայաստանում Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունենալու «Դեմոկրատիայի ապագան» ֆորում` Նրա կարծիքով, դա լավ առիթ կլինի այդ պատվիրակներին ցույց տալ, թե Հայաստանն ինչպիսի երկիր է: «Եթե կարողանանք նախաձեռնել պատվիրակների այցելություն ԼՂՀ, կարծում եմ, որ դա լավ քարոզչություն կլինի ու հակակշիռ ադրբեջանական քարոչզության դեմ»,- ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամը:
ArmAr.am












