Պետք է որսալ հաջողության պահը կամ կոչ Հայաստանի գործարարներին
Նրանք ովքեր եղել են Նիդեռլանդներում կարող են վկայել, որ հոլանդական փայտե կոշիկների վաճառքը ինչ մեծ օգուտ է բերում այդ երկրին:Այդ ոլորտը հազարավոր արհեստավորների համար ապահովում է կայուն աշխատանք: Փայտե կոշիկն այսօր զուտ հուշանվեր է, սակայն զուտ եկամտաբեր հուշանվեր:
Հիմա հերթը մերն է, պետք է որսալ հաջողության պահը: Վերջին օրերին աշխարհի կարևորագույն լրատվամիջոցներն անդրադարձան Հայաստանում հայտնաբերված մոլորոկի հնագույն կոշիկին: Աննախադեպ գովազդ է կատարվել, գովազդ որ տասնյակ միլիոնավոր դոլարներով էլ հնարավոր չէ գնել: Պետք է որսալ հաջողության պահը: Շահում են այն երկրները, որոնք օդից էլ կարողանում են փող սարքել: Ժամանակակից անգլերենով դա կոչվում, է capitalization: Այսինքն, երբ վերացական գաղափարն անգամ փոխակերպվում է նյութական շահի: Քանի դեռ օդը լցված է հնագույն կոշիկի մասին լուրերով, քանի դեռ այդ պատմությունը լրիվ չի մոռացվել, պետք է սկսել հուշանվերային կաշվե կոշիկների արտադրություն` գտնված կոշիկի ճիշտ նմանությամբ, սակայն տարբեր չափերի ու գույնի: «Աշխարհի հնագույն կոշիկը» (The Oldest Shoe in the World), ապրանքատեսակը պետք է դառնա մեր երկրի բրենդը, մեր հնագույն քաղքակրթության նյութական վկայությունը:
Գովազդի խելամիտ կազմակերպման դեպքում աշխարհի հնագույն կոշիկի հուշանվերային նամակների արտադրությունն ու վաճառքը կարող է հարյուրավոր աշխատատեղեր ապահովել, հազարավորների համար դառնալ եկամտի աղբյուր: Նման արհեստավորական արտադրության համար մենք ունենք բոլոր նախադրյալները: Քանի դեռ ուշ չէ պետք է հավաքել աշխարհի հնագույն կոշիկի մասին բոլոր կարևորագույն լրատվամիջոցներում տպագրված և հնչած հաղորդագրությունները և հետագայում որպես հղում գործածել: Պատկերացրեք, օրինակ, պատից կախելու համար հարմարեցված մի զույգ կաշվե գեղեցիկ կոշիկ` «Աշխարհի հնագույն կոշիկը» վերտառությամբ և աշխարհի մեծագույն լրատվամիջոցների հաղորդագրությունների ընտրանիով: Այդ գրքույկը Հայաստանի անունը շատ ավելի հայտնի կդարձնի քան շատ ու շատ մեծադիր գրքեր: Պետք է որսալ հաջողության պահը:
Արա ՊԱՊՅԱՆ
ArmAr.am












