Լույս է տեսել Հովհաննես Ծործորեցու աշխատությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հովհաննես Ծործորեցու ՙՄեկնություն Մատթեոսի Ավետարանի՚ աշխատությունը:
Մատթեոսի Ավետարանի ներկա մեկնությունը գրվել է Հովհաննես վարդապետ Ծործորեցու կողմից 1316 թվականին` որպես շարունակություն ս. Ներսես Շնորհալու Մատթեոսի Ավետարանի մեկնության, որ ընդհատվել էր Ե 17 համարով: Սա հայոց միջնադարում ստեղծված հավանաբար ամենածավալուն ու մանրակրկիտ մեկնությունն է, որ կատարվել է համաքրիստոնեական և հայ հայրերի մեկնությունների հիման վրա: Երկհատոր այս աշխատության թարգմանությունը գրաբարից իրականացրել և ծանոթագրել է Սեդա Ստամբոլցյանը:
Հրատարակչական բաժինը հրատարակել է նաև Ս. Եփրեմ Ասորու ՙՃառընտիրը՚, որն ընդգրկում է Ս. Եփրեմի ճառերի ընտրանին` ՙԿցուրդ Ս. Եփրեմի Ասորւոյ՚ (Ն. Ակինեան, Վիեննա, 1957) և ՙՍրբոյն Եփրեմի Մատենագրութիւնք, հատոր 4, Ճառք եւ աղօթք՚ (Վենետիկ, Ս. Ղազար, 1836) հրատարակություններից: Գրաբարից թարգմանությունն իրականացրել է Մարթա Արաբյանը:
Երկու աշխատությունները հրատարակվել են մեկենասությամբ ՙՍարգիս Գաբրիելյան՚ հիմնադրամի:












