Աշոտ Ղուլյան. Ադրբեջանում պետական մակարդակով խեղաթյուրում են պատմությունը
Ղարաբաղյան հակամարտությունն ամենեւին էլ կրոնական բնույթ չունի, այն քաղաքական հիմնախնդիր է, եւ իր լուծումը պետք է գտնի այդ հարթությունում. Ուղղափառության միջխորհրդարանային վեհաժողովի 17-րդ գլխավոր վեհաժողովում հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Սակայն, ըստ նրա, անհանգստացնում է այն, որ Ադրբեջանը հետեւողականորեն շահարկում է իսլամական համերաշխության գործոնը եւ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունից իր համար շահեկան հայտարարություններ է կորզում: Նա կոչ է արել վեհաժողովին ուշադրություն դարձնել այդ վտանգավոր միտմանը եւ կանխել քաղաքական-իրավական հարցին կրոնական բնույթ հաղորդելու փորձերը:
Ըստ Աշոտ Ղուլյանի` ԼՂՀ-ում լրջորեն մտահոգված են ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական մշակութային արժեքների ճակատագրով: Նրա խոսքերով` Ադրբեջանում պետական մակարդակով խեղաթյուրում են պատմությունը. հայկական հուշարձանները կա՜մ ոչնչացվում են, կա՜մ մահմեդականացվում, կա՜մ էլ օգտագործվում են կենցաղային նպատակներով:
ԼՂՀ ԱԺ նախագահը նշել է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, ԼՂՀ-ում խնամքով են վերաբերվում այլ ժողովուրդների մշակութային ժառանգությունը. «Օրերս մեր երկրի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել Ռուս Ուղղափառ եկեղեցու հիմնարկեքը, իսկ Շուշիում մզկիթ է վերականգնվում»: Նա նաեւ հույս է հայտնել, որ վեհաժողովի մասնակիցները կգտնեն այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է ԼՂՀ անկախության չճանաչված լինելը խոչընդոտում աշխարհ հետ Ղարաբաղի ժողովրդի մշակութային, հոգեւոր, քաղաքական շփումներին:
«Մենք բարձր ենք գնահատում միջազգային միջնորդների ջանքերը, սակայն բանակցությունների ներկայիս ձեւաչափը համարում ենք անարդյունավետ: Կարծում ենք, որ առանց ԼՂՀ-ի լիիրավ մասնակցության հիմնախնդրի վերջնական լուծումը գտնելն անհնար է»,- ասել է ԼՂՀ ԱԺ նախագահը եւ հավելել, որ հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ Ադրբեջանն ընդամենը քողարկվում է բանակցությունների հետեւում` փորձելով հարցը լուծել ռազմական ճանապարհով:












