Արցախում սկսվել է խաղողի մթերումը
Անձրևային եղանակը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խաղողի բերքահավաքի կազմակերպման համար: Այս տարի սպասվում է 14-15 հազար տոննա բերք: Այսօրվա դրությամբ, հիմնական մթերողը` Ստեփանակերտի կոնյակի գործարանը, արդեն իսկ ընդունել է 2,5 հազար տոննայից ավելի խաղող: Ստեփանակերտի կոնյակի գործարանը, կախված իրացման հնարավորություններից, այս տարի նախատեսել էր ընդունել ընդամենը 4,5 հազար տոննա խաղող: Սակայն այդ թիվը կառավարության հետ բանակցություններում փոխվել է և այժմ կազմում է 6000 տոննա:
Մթերումը սկսված է Մարտունու և Կարմիր Շուկայի մասնաճյուղերում: Ընդունում են Ասկերանի, Մարտունու և Ջեբրայիլի այգիներից հավաքված բերքը: Խաղողի տեխնիկական տեսակների համար մթերողները կառավարության հետ համաձայնեցրել են կիլոգրամի դիմաց 100 դրամ գին: Վճարումը կատարվելու է մթերումից հետո մեկ ամսվա ընթացքում: Մթերողներին կառավարությունը վարկի սուբսիդավորում է խոստացել: «Արցախբանկը» վարկ կտրամադրի, իսկ տոկոսները կսուբսիդավորի պետությունը: Մթերողները վճարելու են ընդամենը 6 տոկոս: Արցախի ամենախոշոր մթերողի` Ստեփանակերտի կոնյակի գործարանի տնօրեն Վլադիկ Ալիբաբայանի խոսքերով, առայժմ վճարումները Ստեփանակերտի կոնյակի գործարանը կատարում է սեփական միջոցներով: Պետության ու բանկի համատեղ աջակցությանը դեռ չեն դիմել, իսկ մյուս մթերողը` Հադրութի գինու գործարանը, որը պատկանում է «Միկա» կոնցեռնին, որոշել է չօգտվել պետական աջակցությունից:
ArmAr.am
Թեգեր` ԼՂՀ, Խաղող, Կոնյակի գործարան, մթերում, Ստեփանակերտ












