Գորդոն. Եվ Հայաստանը, և Ադրբեջանը կշահեն, եթե գործեն Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Բաքու և Երևան կատարելիք այցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի մասին քննարկումներում նա նաև խոսելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության մեջ տեղ գտած որոշ էլեմենտների մասին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը ԱՄՆ Պետդեպարտամենտում կազմակերպված հատուկ ճեպազրույցում:
«Նախագահները նշել են այն առաջընթացը, որը գրանցվել է մինչ այժմ և սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվել կողմերի միջև քննարկումների ընթացքում: Եվ Միացյալ Նահանգները հավատարիմ են այդ սկզբունքներին ու վճռական են աշխատել կողմերի հետ` խրախուսելով նրանց աշխատել այդ ուղղությամբ», -հավելել է Գորդոնը:
Նրա խոսքով, երեք նախագահները հայտարարություն են արել ցույց տալով, որ հավատարիմ են Մինսկի խմբի բարձր մակարդակով ընթացող գործընթացին:
«Վերջերս այդ շրջանում տեղի ունեցած բռնության որոշ դեպքերի մասին ենք լսել, ինչի պարագայում կայունության հասնել հնարավոր չէ, հետևաբար և Հայաստանը, և Ադրբեջանը կշահեն, եթե բացառապես գործեն Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում: ԱՄՆ Պետքարտուղարը հնարավորություն է ունենալու երկու երկրներում էլ ընդգծել այն, ինչ օրերս ասացին երեք նախագահները Տորոնտոյում», – հավելել է Ֆիլիպ Գորդոնը:
ArmAr.am












