Կառավարության վստահության քվեն՝ խորհրդարանում
Հունիսի 30-ին՝ ուղիղ քսանօրյա ընդմիջումից հետո, որը, համաձայն ԱԺ կանոնակարգի պահանջի, հայտարարվել էր ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, խորհրդարանը, շարունակեց աշխատանքը։
Նստաշրջանը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Ներկա էին ԼՂՀ կառավարության անդամները՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։
Ձեռնամուխ լինելով ԼՂՀ կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին՝ նստաշրջանի օրակարգային վերջին հարցի քննարկմանը, խորհրդարանը նախապես լսեց վարչապետի հաղորդումն այդ կապակցությամբ։
Կառավարության գործունեության ծրագիրը, ասաց նա, մշակվել է՝ հաշվի առնելով ԼՂՀ Սահմանադրությունը, հանրապետության նախագահի նախընտրական ծրագիրը և պետության ղեկավարի ուղերձների դրույթները, կառավարության առջև դրված խնդիրները, ինչպես նաև ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ծրագրերի ընդհանուր դրույթները։ Արա Հարությունյանի հավաստմամբ, կառավարության ծրագիրը նպատակաուղղված է պետության ստանձնած հետևյալ երեք հիմնարար առաքելությունների իրականացմանը. անհրաժեշտ նախադրյալների ստեղծում հասարակության յուրաքանչյուր անդամի բազմակողմանի զարգացման համար, երկրի արտաքին և ներքին անվտանգության ապահովում և հասարակության՝ օրենքով սահմանված կարգով սոցիալական ապահովության կարիք ունեցող անդամների նվազագույնս անհրաժեշտ կարիքների բավարարում։
Վարչապետի հաղորդմամբ, կառավարությունն իր գործունեության ծրագիրը մշակել է օբյեկտիվ իրականության հաշվառմամբ՝ սահմանելով գերակա նպատակները և դրանց հասնելու ուղիներն ու միջոցները, որպես նախորդ տարիների ձեռքբերումների և բարեփոխումների դինամիկ շարունակություն։ Նշելով, որ խնդրո առարկա փաստաթուղթը չի հավակնում լինել ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացումը մանրամասնորեն նկարագրող ծրագիր, բանախոսը տեղեկացրեց, որ այն կներկայացվի յուրաքանչյուր տարի ընդունվող եռամյա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերում, ամենամյա սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղղությունների մասին ԼՂՀ կառավարության զեկույցներում ու պետական բյուջեի նախագծերում։
Այնուհետեւ վարչապետը հակիրճ ներկայացրեց կառավարության գործունեության հիմնական գերակայությունները և դրանց ապահովման համար ստանձնած պարտավորություններն ու նախատեսված միջոցառումները։
Ելույթից հետո վարչապետը պատասխանեց պատգամավորների մեկ տասնյակից ավելի հարցերի, որոնք վերաբերում էին կառավարության գործունեության ծրագրի առանձին դրույթների, մասնավորապես, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ՀՀ-ի կողմից տրամադրվող միջպետական վարկի չափաքանակների հետագա հնարավոր փոփոխությունների հաշվառմանը, Արցախում ներդրումային ընկերությունների գործունեությանը, պետության արտաքին քաղաքականությանը, կրթության և գիտության, առողջապահության ոլորտների խնդիրներին, ազատագրված տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, վերաբնակեցման ծրագրի իրականացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կայացման գործընթացին և այլ ոլորտների։
Ըստ երևույթին նկատի առնելով հարցուպատասխանի ընթացքում շոշափված հարցերի ընդգրկուն շրջանակը, պատգամավորներն առաջարկված մտքերի փոխանակությանն առանձին ելույթներով հանդես չեկան։
Ուստի, կառավարության ղեկավարը, հիմք ընդունելով հարցի քննարկման՝ ԱԺ կանոնակարգով սահմանված ընթացակարգը, հանդես եկավ նաև եզրափակիչ ելույթով, իր խոսքում, մասնավորապես, համոզմունք հայտնելով, որ ներկայացված ծրագրի իրականացումը հնարավոր է միայն գործադիր-օրենսդիր սերտ համագործակցության պայմաններում։
Ապա խորհրդարանի նախագահը, հիմք ընդունելով համապատասխան կանոնակարգային ընթացակարգը, ներկաներին հիշեցրեց, որ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած։ Ըստ այդմ, նշեց նա, 24 ժամ հետո՝ հուլիսի 1-ի ժամը 13.25-ին, ԱԺ որոշման նախագիծը ստորագրվելու է և այդ մասին ազդարարվելու է հասարակությանը։
Այդպիսով ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանն ավարտեց աշխատանքը։
Համաձայն կանոնակարգային պահանջի՝ նստաշրջանի ավարտը նշանավորվեց ԼՂՀ պետական օրհներգի կատարմամբ։
ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ












