Գլխավոր » TOP, Լրահոս, Մշակույթ

Երևանյան տեսակ

Հունիս 30, 2010թ. 22:24

ErevanԱռավոտը վաղուց բացվել է, բայց քեզ թվում է, թե երկար չեմուչում արեց ու նոր միայն տեղ է հասել: Եկել է հատկապես քեզ համար, եկել է շոգից խրտնած մի թակոցով, կամաց-կամաց աղմուկով, շանը զբոսանքի հանած այս երիտասարդի անհասկանալի սուլոցով, տրոլեյբուսի` լարից թռած ձողով ու դիմացիդ կնոջ` չգիտես ինչու կշտամբող հայացքով:

Ինքդ քեզ տանում ես աշխատանքի: Համառորեն քայլում ես միայն, և Հայաստանի սոցիալիստական, չէ, անկախ հանրապետության մայրաքաղաքը թվում է անծայրածիր, և օրվա տևողության հեռանկարը սարսափելի է: Չթուլացող մի անտարբերությամբ լսում ես սրա-նրա ցաքուցրիվ դատողությունը Արցախի ու մեր վաղվա օրվա մասին, խաչմերուկն անցնում ես ու նորից քայլում: Հետո գտնում ես, որ, այո՛, անպայման պիտի լինել հայ, բայց չես հասկանում, թե ինչու է դա քիչ…

Չես հասկանում, թե ինչու է կլորիկ փորով այս մեկը գտնում, որ դու անպայման պիտի հասկանաս իր ասածը, ցնցվես ու երախտագիտությամբ լցվես իր հանդեպ: Պարզ է միայն մի բան` մոլորակը չի շարժվում. կանգնած է, լռությունն էլ ձայն չի հանում, սուսուփուս կողքիդ նստած է: Բայց նայում է, նայում է ուղիղ աչքերիդ մեջ, ու դրանից շփոթվում ես: Պարզ է միայն, որ այս կանգնած մոլորակի վրա բնակվում են մարդիկ և ուրիշ բաներ: Այդ ուրիշ բաները շատացել են և նեղում են մարդկանց: Դրանք հագենում են միայն ծծելով արյուն, տարածքներ, մշակույթ և այլն: Դրանք եկել են հեռվից, եկել են ոռնալով, ձիով, ոտքով, գույնզգույն ոչխարներով և արուների կողքին հլու կանգնած էգերով:

Հիմնական կամ գլխավոր ոռնացողը կանգնել է մի բարձր տեղ, լսելի աղաղակով սկզբում չոքեցրել է նախիրը, ապա մազոտ թաթը մեկնել է հեռուն: Ու նախիրը շարժվել է` սմբակակոխ անելով ամեն ինչ: Ճանապարհին նրան են միացել շեկ ու մազաթափ ուրիշ նախիրներ, ու ձիգ ոռնոցով եկել-հասել են մարդկանց երկիրը: Հիմա այս ուրիշ բաները ուզում են, որ մարդիկ այլևս մոլորակի վրա չբնակվեն, հեռանան, և իրենք մնան իրարով: Մարդիկ էլ դեռևս իրար լավ չեն հասկանում, մի տեսակ խեթ են նայում իրար, շատ են կրթվել, մի քանի լեզու գիտեն, բայց ընդհանուրն ու միակը դեռ չեն գտել: Գերագույն ճշմարտություններ են որոնում: Այդ նպատակով կանոնակարգ են մշակել, կետ առ կետ վիճում են, հետո էլի են վիճում: Իսկ ուրիշ բաները մոտենում են:

Հետո գիտես, որ Երևանը անպայման քաղաք է, այն էլ մայլաքաղաք, աշխարհում միակը, որ հիմնադրել է Արգիշտի թագավորը ու տվել մեզ: Մենք էլ քաղաքապետարան ենք ստեղծել, կոյուղի անցկացրել, կրպակ-բան դրել, առևտուր ենք անում: Թերթ ենք կարդում, թքում ու գնում անորոշ ուղղությամբ: Ու ճանապարհին եթե բողոքավորներ ու հանրահավաք պատահեն, մի քիչ կկանգնենք, չենք լսի` կդիտենք, կասենք «տո, լավ, է» ու էլի կքայլենք: Անպայման կզգանք, որ հուսալքության շունը մոտերքում գռմռում է, բոլոր փողոցներում կզգանք: Ուղեղը Երևանում չպետք է գործի. Եթե գործեց` կորաք. սրտի տագնապը անմիջապես դառնում է շոշափելի վտանգ: Ուղեղը ո՞նց «կմարսի» այսքան փոշի, քայլող ծամոն, նախաձեռնություն, էշի համառություն ու նորից փոշի: Մենք, ուրեմն, այս մոլորակի վրա բնակվող մարդկանց մի ուրույն տեսակ ենք` Երևանյան: Եվ չմտածելով` միայն մենք ենք կարողանում աշխատավարձով չմեռնել և հետևողականորեն ապրել: Նաև հասկանալ, թե ինչպես կարելի է հավաքվել ու եռօրյա թե քառօրյա նիստերում անալի խոսել այն դեպքում, երբ ուրիշ բաները եկել կանգնել են սահմանի վրա ու ետ չեն գնում:

Ուրեմն, պիտի քեզնից վանես հետևիցդ ընկած միտքը ու անընդհատ քայլես, այնքան, որ անորոշ հոգնության մշուշը վերջնականապես իջնի վրադ, ու հանգստի պահանջը դառնա իշխող, պահանջ, որ այնքան ցանկալի է դարձնում գիշերը…

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հրապարակախոս` Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն