Ռուսաստանն ու Հայաստանը կապող Հյուսիս-Հարավ գազամուղը կարող է սեփականաշնորհվել
Վրաստանը պատրաստվում է մայրուղային խողովակաշարերը հանել սեփականաշնորհման ոչ ենթակա օբյեկտների ցուցակից։ Համապատասխան օրինագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել Վրաստանի խորհրդարանում։ Այսպիսով, ԱՄՆ-ի ֆինանսական օժանդակությամբ վերականգնված՝ Ռուսաստանն ու Հայաստանը կապող Հյուսիս-Հարավ գազամուղը կարող է սեփականաշնորհվել։ «Սկզբունքը շատ պարզ է. ցանկացած ձեռնարկություն մասնավոր հատվածն ավելի լավ է կառավարում, քան պետությունը»,-հայտարարել է Վրաստանի խորհրդարանի Իրավաբանական հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին։ Նրա խոսքերով՝ նոր օրենքի ընդունումը նախատեսված է հուլիսին, ինչից հետո այն անմիջապես կմտնի ուժի մեջ։ Հայաստանը և Ռուսաստանը կապող գազամուղի վաճառքի հարցը բարձրացվել է նաև 2005-2006թթ., երբ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ցանկություն էր հայտնել ձեռք բերել այն։ 2005թ. Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, թե գազամուղի վաճառքի շուրջ բանակցություններ են ընթանում։ Այդ հայտարարությունից հետո Վրաստանին ԱՄՆ-ը կոչ արեց զգուշավորություն ցուցաբերել այս հարցում՝ չմեծացնելով Թբիլիսիի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Հարցը վերջնականապես օրակարգից դուրս եկավ, երբ ԱՄՆ-ի ֆինանսական օժանդակությամբ, այլ օբյեկտների հետ միասին, բարեկարգվեց նաև Հյուսիս-Հարավ գազամուղը։ Վրաստանի իշխանությունները չեն բացառում, որ համապատասխան օրենքի ընդունումից հետո գազամուղը կարող է վաճառվել։ Այս մասին տեղեկացնում է «Civil.ge» կայքը:












