Կոմանդոս.«Մենք նրանց ոչ միայն դուրս կշպրտենք Արցախի տարածքից…»

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է հունիսի 18-ի ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակմանը: Ըստ Տեր-Թադևոսյանի, նմանօրինակ գործողություններ իրականացնելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ շատ ուժեղ է և պատրաստ ռազմական գործողություններ սկսել։
«Իրականում նման գործողություններն ընդամենը թուլությունը թաքցնելու համար են կատարվում։ Թեև ադրբեջանական բանակը մեծաքանակ է, շատ լավ զինված, սակայն հայկական բանակի մարտական ոգին ավելի բարձր է»,- ընդգծեց նա:
Խոսելով պատերազմի վերսկսման հավանականության մասին, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե առաջիկայում ռազմական ակտիվ գործողություններ չեն լինի, սակայն դրանք բացառել պետք չէ։ Պատերազմի վերսկսման դեպքում առաջին փուլում հնարավոր է՝ հայկական կողմը տուժի, քանի որ Ադրբեջանը գործի կդնի իր ողջ զինտեխնիկան, սակայն երբ մարդկային ուժերը բախվեն միմյանց, հակառակորդը խուճապի կմատնվի և առավելությունը հայկական կողմին կանցնի»,-հայտարարել է գեներալ-մայորը։
«Մենք կկարողանանք ոչ միայն նրանց դուրս շպրտել Լեռնային Ղարաբաղի տարածքից, այլ նաև տեղափոխել ռազմական գործողությունները նրանց տարածք»,-վստահեցրեց Ղարաբաղյան պատերազմի վետերանը:
ArmAr.am












