Սումգայիթի ողբերգությունը կազմակերպված էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից
Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի ունեցավ «Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ` «Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմը: ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ այս ֆիլմը ոչ միայն հայերի, այլ ամբողջ աշխարհի համար է` որպես ապացույց, թե ինչ է կատարվել 1988 թ. Սումգայիթում խաղաղ հայ բնակչության նկատմամբ:
Սումգայիթ, փետրվար, 1988. Սովորական Ցեղասպանություն»-ն այս շարքի երկրորդ ֆիլմն է: Առաջինը` «Բաքու, հունվար, 1990» առաջին ֆիլմն է: «Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնի կողմից: Ֆիլմերը թարգմանվել է տարբեր լեզուներով` ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն և տարածվել խտասկավառակների միջոցով, տեղադրվել ինտերնետում: Պատրաստ է նաև ֆիլմի անգլալեզու տարբերակը:
«Ֆիլմը հիմնված է բացառապես փաստավավերագրական նյութերի վրա. ներկայացված են էքսկլյուզիվ տեսանյութեր, ֆոտոփաստաթղթեր, ականատեսների վկայություններ, քննության և դատական գործընթացների մասին նյութեր, որոնք ցուցադրվում են առաջին անգամ ու ոչ միայն բացահայտում են ճշմարտությունը Սումգայիթում տեղի ունեցածի մասին, այլև ապացուցում են, որ այդ իրադարձությունները կազմակերպված էին Ադրբեջանի հատուկ ծառայությունների և իշխանությունների կողմից, դրանցում հանցավոր դեր է ունեցել Խորհրդային Միության ղեկավարությունը»,- ասաց նախագծի հեղինակ, լրագրող Մարինա Գրիգորյանը: Նա նաև կարևորեց ֆիլմն այն առումով, որ վերջ է դնում 22 տարի շարունակ Ադրբեջանի կողմից Սումգայիթի շուրջ շրջանառվող խեղաթյուրումներին ու շահարկումներին: «Տեսանյութն ապացուցում է, թե ով և ինչ նպատակով էր կազմակերպել Սումգայիթը»,- ասաց նա: Մ. Գրիգորյանը նշեց, որ ֆիլմը կարևոր է ոչ միայն պատմական առումով, այլ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որտեղ նշվում էր նաև փախստականների վերադարձի մասին իրենց նախկին բնակավայրեր: Կարծում եմ, որ այս ֆիլմը, ինչպես նաև Բաքվի մասին պատմող ֆիլմը, հստակ պատասխան կարող են տալ այն հարցին` կարո՞ղ են հայերը վերադառնալ Ադրբեջան և ի՞նչ է սպասվում նրանց այնտեղ»,- ասաց նա ու ավելացրեց, որ միջազգային երաշխիքները, որոնց մասին կրկին ասված է այդ հայտարարության մեջ, շատ լավ հայտնի են հայությանը, քանի որ 3 օր դեռևս կանգուն ու կայուն Սովետական Միությունում անպատիժ ու անարգելք կատարվել են վայրագություններ և որևէ մեկը չի միջամտել, չի կանխել դրանք:
ArmAr.am












