Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Քաղաքականություն

Արցախի նախագահը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի և Իգոր Պոպովի հետ

Հուլիս 2, 2010թ. 21:41

hamanaxagahԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/ և Իգոր Պոպովին /ՌԴ/:

Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Արցախի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, վերջին զարգացումներին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերը հանդիսանում են հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը: Այս կապակցությամբ Նախագահը նշել է, որ Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերը համապատասխան գնահատական չեն ստացել միջազգային հանրության կողմից, ինչն էլ ավելի է կոշտացնում Ադրբեջանի դիրքորոշումը:

Երկրի ղեկավարը կրկին շեշտել է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկության առարկա չեն, և անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Նախագահը մեկ անգամ ևս հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը և նշել, որ այն խեղաթյուրելու և փոփոխելու փորձերը միայն բացասական ազդեցություն կունենան բանակցային գործընթացի վրա: Այս կապակցությամբ Բակո Սահակյանը կարևորել է հակամարտության կարգավորման լիարժեք ձևաչափի վերականգման և բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը, ինչին իրենց համաձայնությունն են տվել նաև համանախագահները՝ ընդգծելով, որ դա միայն ժամանակի խնդիր է:

Երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է:

ArmAr.am


Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն