Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Այսօր ԼՂՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ էր հրավիրել

Հուլիս 2, 2010թ. 23:48

Հուլիսի 2-ին գումարվել է ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որը հրավիրվել է ԱԺ մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ և  ԱԺ նախագահի՝ նախորդ օրը ստորագրած որոշմամբ, ՙԱԺ կանոնակարգ՚ ԼՂՀ օրենքի պահանջներին համապատասխան։
Նստաշրջանի աշխատանքը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Ներկա էին ԼՂՀ կառավարության անդամները՝ վարչապետ Արա հարությունյանի գլխավորությամբ։
Օրակարգում, համաձայն նախաձեռնողների առաջարկության,  երկու հարց էր՝ ՙԼՂՀ 2009թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության մասին՚ և ՙԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխութուն կատարելու մասին՚։ Այդ կապակցությամբ նշվեց, որ արտահերթ նստաշրջանի աշխատանքները ենթադրում են հատուկ ընթացակարգ, համաձայն որի քննարկման ենթակա են միայն այն  օրակարգային հարցերը, որոնք առաջարկել են նախաձեռնողները։
Նախքան հարցերի քննարկումը՝ խորհրդարանի նախագահը հաղորդեց, որ նախօրյակին ինքը ստորագրել է ԱԺ համապատասխան որոշումը ԼՂՀ կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին։ Նշելով, որ   այդ իսկ առնչությամբ ուղերձ է հղել ԼՂՀ կառավարությանը, նա ներկաների առջև հրապարակեց ուղերձը։ ՙՍա ես համարում եմ Ազգային ժողովի պատգամավորական կազմի հավաքական կարծիքը և, իհարկե, նաև մեր բարեմաղթանքները կառավարությանը՝ իր գործունեության ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար՚,¬ նշեց  ԱԺ նախագահը։
Խորհրդարանի նախագահը ներկաներին տեղեկացրեց նաև, որ նախորդ օրը նույն այդ դահլիճում հյուրընկալվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի մի խումբ անդամներ, ովքեր սեփական ցանկությամբ ճանաչողական այցով Արցախ են ժամանել Երևանում կայացած 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի աշխատանքներն ավարտվելուց հետո։
Բյուջեի կատարողականը նստաշրջանում լիազորված էր ներկայացնել ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը։ Նախքան խնդրո առարկա փաստաթղթին անդրադառնալը՝ նա պատգամավորներին շնորհավորեց  ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովում ընտրվելու կապակցությամբ և նրանց մաղթեց բեղմնավոր օրինաստեղծ աշխատանք։ Փոխվարչապետի հաղորդմամբ՝  ներկայացվող հաշվետվությունը քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և պատգամավորական խումբ-խմբակցություններում՝ կառավարության  լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հաշվետվության շուրջ ծավալված քննարկումների ընթացքում, ասաց նա,  հնչել են բազմաթիվ հարցեր, որոնք պարզաբանվել են պետական կառավարման մարմինների պատասխանատուների կողմից։  Կառավարության լիազոր ներկայացուցչի հավաստմամբ՝ այդ շահագրգիռ և կառուցողական բնույթի քննարկումները երկուստեք կարևոր են երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունների համագործակցության համար։
Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները,  փոխվարչապետը նշեց, որ չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը՝ հանրապետությունում արձանագրվել է 13.1 տոկոս տնտեսական աճ. համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն, կազմել է 102.3 մլրդ դրամ, մեկ շնչի հաշվով՝ 723.7 հազար դրամ՝ նախորդ տարվա 623.1 հազար դրամի դիմաց։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 34.1 մլրդ դրամ՝ իրական արտահայտությամբ աճելով 15.6 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքինը՝ 30.7 մլրդ դրամ (աճը՝ 1.1 տոկոս), բոլոր ֆինանսական աղբյուրների հաշվին իրականացված կապիտալ շինարարության ծավալը՝ 34.5 մլրդ դրամ (աճը՝ 33.5 տոկոս), արտաքին առևտրաշրջանառության ծավալը՝ 293.967 մլն ԱՄՆ դոլար (նվազում՝ 3.6 տոկոս), ընդ որում՝ ներմուծման ծավալները նվազել են 5.3 տոկոսով, իսկ արտահանմանն աճել են 4.1 տոկոսով։ Մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 69.2 մլրդ դրամ (աճը՝ 10.5 տոկոս), բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը՝ 14.5 մլրդ դրամ (աճը՝ 17.1 տոկոս)։ Զբաղվածների (վարձու աշխատողների) թվաքանակն ըստ տնտեսության տարբեր ճյուղերի կազմել է 45652 մարդ (աճը՝ 1559 նոր աշխատատեղեր), մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 88768 դրամ (աճը՝ 10.3 տոկոս)։ Տնտեսական աճին և զբաղվածությանը զուգահեռ՝ բնակչության դրամական եկամուտները և ծախսերը ավելացել են, համապատասխանաբար, 9.4 տոկոսով և 11.6 տոկոսով։
Համաձայն բյուջեի կատարողականի քննարկման ընթացակարգի՝  ներկայացվեցին նաև ԼՂՀ վերահսկիչ պալատի (նախագահ՝ Արթուր Մոսիյան),  ԱԺ գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Արպատ Ավանեսյան) և պաշտպանության, անվտանգության ու օրինականության պահպանման հարցերի մշտական հանձնաժողովի (փոխնախագահ՝ Անդրանիկ Սարգսյան) համապատասխան եզրակացությունները, որոնք  դրական էին։ Բյուջեի կատարողականի վերաբերյալ նույնպես դրական էին ՙԱրցախատուն՚ պատգամավորական խմբի, ՙԴաշնակցություն՚, ՙԺողովրդավարություն՚ և ՙՀայրենիք՚ խմբակցությունների տեսակետները, որոնք ներկայացրին, համապատասխանաբար, պատգամավորներ           Գարիկ Գրիգորյանը, Կամո Բարսեղյանը, Վարդգես Բաղրյանը և Ռոմելա Դադայանը։
Կանոնակարգային պահանջի հիմքով նստաշրջանում եզրափակիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Արա Հարությունյանը։ Պատգամավորական կազմին շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկումների համար,    կառավարության ղեկավարն իր խոսքում հակիրճ անդրադարձավ Արցախի տնտեսության և, ընդհանուր առմամբ¬, բյուջեի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության և, ապա, պետական բյուջեով նախատեսված ծախսերի թերակատարումների խնդիրներին։ Վարչապետի հաղորդմամբ՝ նշված խնդիրներից առաջինը հաջողվել է լուծել ի շնորհիվ նախորդ տարիներին իրականացված բարեփոխումների և տնտեսությունում ստեղծված ռեզերվների։ Թեկուզ, նշեց նա, 2010թ. շատ ավելի դժվար է լինելու, քանզի օտարերկրյա ներդրումները պակասում են, փոփոխություն չի կրել ՀՀ-ի կողմից տրամադրվող միջպետական վարկը, միևնույն ժամանակ գյուղատնտեսության բնագավառում արձանագրվում է ոչ բարենպաստ տարի։ Չնայած դրան, նշեց նա, ամփոփելով 6 ամսվա նախնական արդյունքները, մենք կարողացել ենք պետբյուջեի մուտքերի՝ նախատեսվածից   ավելի հավաքագրում ապահովել, ինչը հուշում է, որ 2010թ. նույնպես, թեկուզ դժվարությամբ,  արձանագրելու ենք աճի տեմպեր։ ՙՀամաշխարհային ճգնաժամի ազդեցությունն Արցախի տնտեսության վրա բավական մեծ բացասական հետևանքներ է թողել։ Եթե դա չլիներ, ապա մենք աճի ավելի մեծ տեմպեր և պետբյուջեի ավելի մեծ ծախսերի հնարավորություն կունենայինք՚,¬ նշեց կառավարության ղեկավարը։ Իսկ ծախսային թերակատարումների պատճառն այն է, նշեց նա, որ 2009թ. պետբյուջեն պլանավորել էինք մեծ դեֆիցիտով, ինչը նախատեսվում էր լրացնել տարբեր աղբյուրների շնորհիվ՝ պետական պարտատոմսեր, ներգրավված այլ միջոցներ, սակայն  կառավարությունը ձեռնպահ մնաց դա կատարել՝ հաշվի առնելով, որ դրա անհրաժեշտությունը լինելու է 2010թ.։
Ընդ որում, նշեց վարչապետը, այդ ծախսային թերակատարումներն արձանագրվել են հիմնականում այն ուղղություններում, որտեղ նման ծախսերի նպատակահարմարությունը չկար, իսկ առհասարակ, բոլոր անհրաժեշտ ծախսերը կառավարության կողմից կատարվել են։ Կառավարության ղեկավարի հավաստմամբ՝ 2010թ. պետբյուջեում նախատեսված  դեֆիցիտը լրացնելու համար շարունակաբար  ներգրավվում են ռեսուրսներ, որոնք թույլ կտան իրականացնելու ոչ միայն տնտեսության զարգացմանն ուղղված պետական բոլոր ծրագրերը, այլև կյանքի կոչել նոր ծրագրեր, արդյունքում ապահովելով տնտեսական աճի նոր տեմպեր, հետևապես և ստեղծելով նոր աշխատատեղեր։
Ապա տեղի ունեցավ հարցի քվեարկությունը, որի արդյունքում՝ 25 կողմ և 1 դեմ ձայնով, 2009թ. պետբյուջեի կատարողականն ընդունվեց։
Օրակարգի երկրորդ հարցը, լիազորված լինելով կառավարության կողմից,   ներկայացրեց արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը։ Նա նշեց, որ օրինագծով առաջարկվում է ԼՂՀ կառավարությանն առընթեր մարմինների համակարգում կատարել երկու փոփոխություն, այն է՝ այդ ցանկից հանել կապիտալ շինարարության վարչությունը՝ նրա գործառույթները հետագայում վերապահելով քաղաքաշինության նախարարությանը և կառավարությանն առընթեր ստեղծել նոր մարմին՝ քաղաքացիական ավիացիայի վարչություն, որը կիրականացնի տվյալ ոլորտում կառավարության քաղաքականությունը։ Նախարարի հիմնավորմամբ՝  օրենքի ընդունումը պայմանավորված է կառավարության կառուցվածքն ավելի արդյունավետ և օպտիմալ դարձնելու անհրաժեշտությամբ։
Դրական էր գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Գագիկ Պետրոսյան) եզրակացությունը, և տարակարծությունների  տեղիք չտալով՝ օրենքն ընդունվեց։
Այսպիսով, սպառելով օրակարգը, ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանն ավարտեց աշխատանքը։  Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն