Թուրքերը խճճվել են սեփական արմատների փնտրտուքում
Թուրքական «Վաքիթ» թերթը գրել էր. «Խմբագրության ստացած տեղեկությունների համաձայն, առաջին բանակի զորահրամանատար, գեներալ Հասան Իղսիզի, բանակի պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանի եւ ծովակալ Ջեմ Գյուրդենիզի փեսաները հրեա են: Ենթադրվում է, որ հրեական ծագում ունի նաեւ Էրջան Ջայմազը, որն ամուսնացել է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յաշար Բույուքանըթի դուստր Բենգյուի հետ: Ծովակալ Ջեմ Գյուրդենիզի դուստր Ուլքեմ Գյուլդենիզ Սումթայն ամուսնացած է Մեսութ Ջան Սումթայի հետ… Իսկ Մեսութ Ջանի մայրըՙ Իվնա Սումթայը, հայկական ծագումով քրիստոնյա է»:
«Ազգ» օրաթերթը գրում է, թե հիշյալ տողերին ահա թե ինչպես է արձագանքել «Ռադիկալի» հեղինակ Թուրքեր Ալքանը . «Ես չգիտեմ, հիշատակված անձինք իսկապես հրեական կամ քրիստոնեական ծագում ունե՞ն, թե՞ ոչ: Իրականում չգիտեն նաեւ հրապարակման հեղինակները: Սակայն տեղեկության անվան տակ բամբասանք է հրապարակում, որը անվայել է մամուլին: Եթե նույնիսկ ճշմարտություն է նրանց տեղեկությունը, ո՞վ պետք է ամաչի դրա համար: Հրեական կամ քրիստոնեական ծագում ունեցող փեսանե՞րը, թե՞ այդ ծագումը որպես հանցանք դիտարկող մտայնությունը: Եթե սա շովինիզմ չէ, ապա ինչպե՞ս անվանել: Մի՞թե սա վհուկների որս չէ: Չի կարելի հենց այդպես գոտկատեղից ներքեւ հարվածել: Եթե որեւէ մեկի մեծ հայրը հրեա է կամ քրիստնյա, քեզ ինչ: Կարո՞ղ է որեւէ մեկը վստահաբար ասել, որ այդ հրապարակման հեղինակների արմատներով պարտադիր թուրք կամ մահմեդական են: Ո՞վ է ուսումնասիրել, մանավանդ որ Անատոլիան տարբեր մշակույթների, լեզուների, կրոնների, ազգերի եւ ազգությունների յուրատեսակ խճանկար է: Ի վերջո, Անատոլիայում կատարված գենետիկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թուրքերը, հայերն, արաբները, հրեաները ազգակցական ընդհանրություններ ունենՙ կապված այն բանից, թե որքան ես խորանում պատմության մեջ: Եթե ուզում եք, կարող եք հասնել մինչեւ Ադամն ու Եվան»:
ArmAr.am












