Իգոր Պոպով. «Խախտվել է 1994 թվականին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը»
Արցախի Հանրապետության ղեկավարության հետ համանախագահները քննարկել են Սանկտ Պետերբուրգում հունիսի 17-ին կայացած նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում հնչած հարցերը: Այս մասին, «Ազատություն» ռ/կ-ի փոխնացմամբ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը` Երևանում գտնված ժամանակ: Վերջինս ասել է, որ քննարկման թեմա է դարձել նաև հունիսի 18-ին Արցախում տեղի ունեցած միջադեպը: «Մենք հաստատել ենք մեր մտահոգությունը այդ միջադեպի վերաբերյալ, խախտվել է 1994 թվականին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը, և նմանատիպ միջադեպերը կարող են վնաս հասցնել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Եվ մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է, ինչպիսի միջոցներ են հնարավոր` կանխարգելելու համար նման միջադեպերը ապագայում»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք նախօրեին Ստեփանակերտից Երևան ժամանած համանախագահներն արդեն հանդիպել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի ընթացքն ու առկա հնարավորությունները: Կարծիքներ են փոխանակվել նաեւ հակամարտության շփման գոտում տիրող իրավիճակի, վերջին իրադարձությունների եւ հնարավոր զարգացումների շուրջ:
Այսօր Երեւանում Մինսկի խմբի համանախագահները նաեւ հանդիպումներ են ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակելու են հիմնարար սկզբունքների հիման վրա արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի քննարկումը` «Մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակի հաշվառմամբ:
Համանախագահները նաեւ քննարկելու են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման հարցը, որը ծրագրվում է կազմակերպել արդեն Ղազախստանում ԵԱՀԿ-ի ոչ-պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում:
ArmAr.am












