Գ.Սահակյան. «Մինչև Արցախի կարգավիճակը պարզ չլինի, մյուս խնդիրների լուծումները հնարավոր չեն»
«Համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը ավելի կոշտ ու ընդգծված պետք է լիներ: Այսօր, շատ դեպքերում, աշխարհը տնտեսական հավակնություններն ավելի է գերադասում, քան ժողովրդավարական արժեքները,-ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա միաժամանակ նկատել է, թե Սարկոզի-Մեդվեդև-Օբամա համատեղ հայտարարությանը, այնուհանդերձ, ևս մեկ անգամ ընդգծվել է, որ հիմնախնդրի լուծումը Արցախի ժողովրդի խնդիրն է՝ ինքնորոշման իրավունքի միջոցով:
Անդրադառնալով եռանախագահների հիշյալ հայտարարության առաջին կետին՝ հարակից տարածքները վերադարձնելուն, Գ.Սահակյանն ասել է. «Նման փաստաթղթերում հարցերի հաջորդականությանը չպետք է ուշադրություն դարձնել։ Մինչև Արցախի կարգավիճակը պարզ չլինի, մյուս խնդիրների լուծումները հնարավոր չեն։ Պատերազմը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միջև։ Ինչպես էլ դրվի խնդիրը, հերթականությունն ինչպիսին էլ լինի, նախ պետք է կարգավիճակ լինի, որ հետո խոսենք փոխզիջումների, անվտանգության մասին։ Ո՞ւմ հետ պետք է բանակցել անվտանգության և տարածքները զիջելու հարցում»,-հայտարարել է Գ. Սահակյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև վտանգավոր է համարել այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին մասնակցող կառույցները հունիսի 18-ին ադրբեջանական զինված ուժերի սադրանքի մասին ավելի կոշտ հայտարարությամբ հանդես չեկան։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե խոսակցություններ կան, որ Հ. Քլինթոնը գալիս է Հայաստան` հայկական կողմին միակողմանի զիջումների տրամադրելու, ՀՀԿ-ականն ասաց. «Պետք է ուշադիր լինենք և մենք մեզ հարգենք: Որևէ իշխանություն իրեն նման բան չի կարող թույլ տալ: Ոչ մի իշխանություն չի գնա զիջումների, ժողովուրդն էլ թույլ չի տա»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանում կլինի հուլիսի 4-5-ին:
ArmAr.am












