Համանախագահներին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարը
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրել են նախօրեին Ստեփանակերտում ԼՂՀ իշխանությունների հետ ունեցած իրենց հանդիպումները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է որ ԼՂՀ լիակատար մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է և գործընթացի արդյունավետության երաշխիք, քանի որ առանց Արցախի անհնար է համաձայնության գալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Սանկտ-Պետերբուրգում կայացած Նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում արձանագրված արդյունքների հիման վրա բանակցությունների շարունակումը:
Օրակարգում էր նաև հուլիսի կեսերին Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում նախարարական մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպումը:
ArmAr.am












