Հիլարի Քլինթոն. «Դժվարությունները, իհարկե, գալիս են Թուրքիայից»
Այսօր Երևանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու վերաբերյալ հայկական կողմի որոշման մասին, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է. «Հայաստանի ապրիլյան որոշումը տպավորիչ էր և ողջունելի»:
Հիլարի Քլինթոնը հիշեցնելով, որ ինքն անձամբ ներկա է գտնվել արձանագրությունների ստորագրման արարողությանը, նկատել է թե. «Դա երկու նախագահների կողմից քաջ որոշում էր` ուղղված դեպի հարաբերությունների լիարժեք կարգավորում»: Ապա մտահոգություն հայտնել, որ դրանք դեռևս չեն իրագործվել:
«Գիտեք, որ ստորագրված փաստաթղթերը դեռևս չեն իրականացվել, և կան խնդիրներ: Ես շատ ուրախ եմ, որ անկախ դժվարություններից, որոնք, իհարկե, գալիս են Թուրքիայից, Հայաստանը պատրաստ է շարունակել գործընթացը»,- հայտարարեց Հիլարի Քլինթոնը: Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի կայացրած որոշումը տպավորիչ էր և ողջունելի, և իրենք բարձր են գնահատում գործընթացը շարունակելու` Հայաստանի պատրաստակամությունը:
ԱՄՆ պետքարտուղարը ամփոփելով իր խոսքն ասել է. «Գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է»: Նա նաև հավելեց, որ ամերիկյան կողմը Թուրքիային ևս քաջալերում է` ձեռնարկել քայլեր:












