ՀՀ ԱԳ նախարար. «Ոչինչ չի կարող զրկել ժողովուրդներին իրենց անկախության իրավունքից»
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսում, ողջունելով բարձրաստիճան հյուրին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունելով հյուրին ասել է: « Առանձնակի պատիվ է, որ Դուք Երևանում եք հուլիսի 4-ին` ԱՄՆ անկախության օրը: ԱՄՆ հիմնադիր հայրերը, 234 տարի առաջ հիմնելով Միացյալ Նահանգները, ցույց տվեցին, որ ոչինչ չի կարող զրկել ժողովուրդներին իրենց անկախության իրավունքից»:
« Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է եղել անկախությունից ի վեր և ժամանակի ընթացքում երկկողմ հարաբերությունները գնալով ավելի խորը բնույթ են ստանում»: Այս առումով` Էդվարդ Նալբանդյանը կարևորել է երկու երկրների շփումներն ամենաբարձր մակարդակով. «Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վաշինգտոն և հանդիպումը նախագահ Բարաք Օբամայի հետ կարևոր էր մեր փոխըմբռնման խորացման և հարաբերությունների զարգացման առումով»:
« Հայաստանն ու ԱՄՆ-ը համակարծիք են տարածաշրջանային ու գլոբալ բազմաթիվ հարցերի շուրջ: Մենք համակարծիք ենք, որ բոլոր ջանքերը պետք է գործադրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման հարցում: Մենք համամիտ ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների»,- նշեց նախարարն ու հավելեց, որ բազմաթիվ հարցերի շարքում պաշտոնական Երևանն ու Վաշինգտնը նույն կարծիքն ունեն` նաև տարածաշրջանային անվտանգության հարցում` համարելով, որ դրան կարող է նպաստել «հանդուրժողականության մթնոլորտը, և ոչ թե ռազմատենչ վարքագիծը»:
Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Երևանը բարձր է գնահատում Հիլարի Քլինթոնի անձնական ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ու քննարկված խնդիրներն առաջ մղելու հարցում:
Իր հերթին Հիլարի Քլինթոնը երախտագիտություն հայտնելով Հայաստանում գտած բարեկամության ու հյուրընկալության համար:, նույնպես խոսել է ԱՄՆ-ի անկախության օրվա մասին` նշելով, որ իրենք լավ գիտեն անկախության գինը: «Հայաստանը երկիր է, որ ունի հպարտ պատմություն և հրաշալի ապագա: Ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանը կարող է մեծ ուժ դառնալ տարածաշրջանում»: Նա վստահեցրեց, որ ԱՄՆ-ը կաջակցի այդ Հայաստանի կերտմանը:
Խոսելով առաջնահերթությունների մասին` Հիլարի Քլինթոնը նշեց, որ իրենք կարևորում են զարգացումն ու անվտանգությունը, ժողովրդավարության զարգացումը երկրի ներսում և տարածաշրջանային խնդիրների լուծումը:
ArmAr.am












