Հայաստանի Սահմանադրությունը 15 տարեկան է
Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը: Երկրի Մայր օրենքն ընդունվել է 1995թ. հոլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: ՀՀ Սահմանադրությունը փոփոխվել է ընդամենը մեկ անգամ, 2005 թվականի նոյեմբերի 27-ին, դարձյալ հանրաքվեի միջոցով:
Փոփոխված ՀՀ Սահմանադրությունը, որը ՀՀ ողջ օրենսդրության հիմնասյունն է, բաղկացած է 9 գլուխնեից եւ 117 հոդվածներից:
ՀՀ Սահմանադրության Նախաբանում ասված է. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»
Սահմանադրության առաջին հոդվածը արձանագրում է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», իսկ երկրորդը հռչակում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Արդեն 15-ամյա ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները», ինչպես նաեւ պետական մարմինների` ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, Դատական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների պարտականություններն ու իրավունքները:
Սահմանադրության օրը Հայաստանում ոչ աշխատանքային է:
ArmAr.am












