Գլխավոր » Genocide, Լրահոս, Ցեղասպանություն

Հիլարի Քլինթոնն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հուլիս 5, 2010թ. 12:00

Qlinton-ZizernakaberdԱմերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր` հուլիսի 5-ին այցելել է   Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրան ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Քլինթոնը ծաղկեպսակ է դրել 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին`  մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը պետքարտուղարին է ներկայացրել Մեծ Եղեռնի հուշահամալիրի կառուցման պատմությունը` անդրադառնալով նաեւ հայերի դեմ իրագործված ցեղասպանությանը, Միացյալ Նահանգների, ամերիկյան ժողովրդի մարդասիրական արձագանքին եւ նրանց կողմից ցեղասպանության զոհերին անգնահատելի աջակցություն ցուցաբերելուն:

Այցի ընթացքում ԱՄՆ Պետքարտուղարը հետաքրքրվել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում արցախյան ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանների առկայությամբ: Հայկ Դեմոյանը  տեղեկացրել է, որ հայ ազգային ինքնագիտակցության մեջ Արցախյան պատերազմն ընկալվեց որպես ցեղասպանության շարունակություն, որի առաջին զոհերը թաղվեցին հենց Ծիծեռնակաբերդում:

Ամերիկյան պատվիրակությանը Հայոց ցեղասպանության թանգարանի կողմից հանձնվել է պատմական մեդալ` թողարկված Ամերիկյան նպաստամատույց կազմակերպության կողմից 1920-ականների սկզբներին` Հայաստանում եւ Մերձավոր Արեւելքի որբանոցներում իրենց ծառայությունը բերած աշխատակիցներին պարգեւատրելու համար: Պատվավոր հյուրին հանձնվել է նաեւ մի լուսանկար, որում պատկերված են Ալեքսանդրապոլի /ներկայիս Գյումրիի/ ամերիկյան որբանոցի հայ որբերը` կանգնած «Ամերիկա, շնորհակալ ենք» դասավորությամբ:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել Genocide, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն