Ֆ Թոխյան. Հայաստանում սահմանադրական նոր բարեփոխումների կարիք կա
«Հայաստանում սահմանադրական նոր բարեփոխումների անհրաժեշտություն կա»,- այսօր՝ հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը: Վերջինիս խոսքով՝ գործընթացը կտեւի մի քանի տարի, եւ անհրաժեշտ է սկսել գործը:
«Անհրաժեշտություն կա վարչական բարեփոխումների ուղղությամբ՝ Նախագահ-Ազգային ժողով, Նախագահ-Կառավարություն, հատկապես կարեւորում եմ տեղական ինքնակառավարման մարմիների հարցը, որոնք իմ կարծիքով չեն կայացել»,-ասել է Թոխյանը: Ըստ Թոխյանի, իրեն չի արդարացնում նաեւ մարզերի տարածքային բաժանումը, կիսատ է մնացել ՍԴ կարգավիճակը, լուրջ խնդիր կա կապված անհատական Սահմանադրական բողոքի ինստիտուտի հետ:
«Մենք ընդունել ենք ՍԴ անհատական բողոքի 60-70 թվականի հնացած, ոչ արդյունավետ մոդելը, շատ ավելի արդիական կլիներ, եթե մենք քաղաքացուն հնարավորություն տայինք ցանկացած սահմանադրական մարմնի ակտի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու հնարավորություն: Ցավոք դա չունենք»,- մանրամասնել է իրավաբանը: Ֆելիքս Թոխյանի խոսքով, ՍԴ-ն այսօր ի զորու չէ նաեւ դատական ակտերի սահմանադրականության վերահսկողության ոլորտում, որը բավականին լուրջ բացթողում է: Անդրադառնալով Երեւանի նոր ավագանու ինստիտուտի ձեւավորմանը, մասնավորապես՝ համայնքապետերի նշանակման առումով, նա նշել է, որ Երեւանի համայնքները պետք է ունենան ընտրովի ղեկավարներ։ «Երեւանը այսօր, ժողովրդական տեսակետից, այն մակարդակով չի կառավարվում, որը ես անհրաժեշտ եմ համարում»,-ասել է ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը:












