Ինչու Սահմանադրությունը լիարժեք չի աշխատում
«Սահմանադրությունը պետք է ընկալել որպես կենդանի փաստաթուղթ, որը ժամանակի ընթացքում փոփոխության կարիք է ունենում: Սովորել ենք ընտրությունների ժամանակ ոչ թե ընտրել այն մարդուն, ով իրեն վերապահված սահմանադրական իրավունքների շրջանակում ինչ-որ գործառույթներ է կատարելու, այլ մենք սովորել ենք փրկիչներ ման գալ, ինչպես նաև չենք ընկալում առկա խնդիրները Սահմանադրութան միջոցով լուծելու անհրաժեշտությունը»,- այսօր ասուլիսում ասել է GTZ իրավական ծրագրի իրավախորհրդատու, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը:
«Սահմանադրության ինչ-որ մի հոդվածի չգործելու պատճառը մեխանիզմների պակասն է, գերկենտրոնացած իշխանությունը: Չի գործում ոչ միայն 3-րդ հոդվածը, այլև չի գործում 30-րդը` ընտրությունների հետ կապված, 29-րդը` հավաքների հետ կապված»,- նշեց Հ. Թովմասյանը:
Բանախոսի կարծիքով, Հայաստանում լիարժեք չի ապահովվել տեղական ինքնակառավարումը, անկախ դատական իշխանությունը, որտեղ, բացի սահմանադրական լուծումներից, կան նաև այլ խնդիրեր` մտածողություն, մշակույթ, իրավունքի ընկալում և այլն:
Հ. Թովմասյանը նկատեց, որ Սահմանադրությունը լիարժեք չաշխատելու հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ մինչև 2005 թ-ի սահմանադրական փոփոխությունները, Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների կազմն այնքան էր փոքրացած, որ այդ հզոր մեքենան չէր կարողանում աշխատել. «Ինստիտուտ, որը կոչված էր առաջին հերթին ապահովելու Սահմանադրության գերակայութունը և սահմանադրական նորմերի պաշտպանությունը, ինքը չէր կարողանում լիարժեք աշխատել»:
Հ. Թովմասյանը նաև նկատեց, որ Սահմանադրությունը լավ կամ վատ չի լինում, այն ինքնաբավ է:
ArmAr.am












