Գլխավոր » Politics, Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն

Վտանգը մեր կողքին է

Հուլիս 6, 2010թ. 11:01

AvikԽՍՀՄ ամենազարհուրելի կառույցը կագեբեն էր: Իր ամրակուռ համակարգով այն զբաղվում էր ոչ միայն պետանվտանգության հարցերով, այլև իր հզորության մեծ մասը հատկացնում էր ժողովրդի ըմբոստությունը ոչնչացնելու, բոլորին հլու կամակատար դարձնելու գործին: Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ բացի հաստիքային, «երևացող» աշխատակիցներից, կագեբեում հավաքագրված էին հազարավոր գործակալներ, որոնք վխտում էին մեր շուրջը և հոտոտում օդը, ապա գնում իրենց տերերին զեկուցում, թե ով ինչ ասաց, որ խոշոր եղջերավորի մասին ով ինչ անեկդոտ պատմեց, հայկական կրթության անհրաժեշտության մասին ով ինչ խոսեց: Բոլորիս մեջ զզվանք էր հարուցում նմանների առկայությունը մանավանդ գաղափարախոսական մատնությունների ոլորտում, որովհետև դեռ թարմ էին այդ սորտի գործունեության զարհուրելի հետևանքները գրեթե բոլորիս ընտանիքներում: Մատնություններ, մատնություններ ընկերների, բարեկամների, մատնություններ նախանձից, չկայացածի ատելությունից, սեփական մաղձից:

Հիմա էլ դեռ մնացել են դրանցից, ում հանցագործությունների պատճառով ընտանիքներ որբացան, կենսագրություններ չքացան: Նորանկախ երկրում մի տեսակ մոռացանք դրանց, մոռացանք մեզ ստիպելով, քանի որ աղբի տեսանելի դառնալուց հետո աղբահանության պահանջը կդառնար տիրապետող: Համակերպվեցինք դրա հետ ու բնական համարեցինք այն, որ դրանք, վերջապես, ծվարեն Հայրենիքից շպրտված մի փոսում: Դա, իհարկե, վերջում:

Հիմա կարծես այդ աղտեղությունից հեռու ենք, և, թվում է, այդ գործակալների մի զգալի մասը մնացել է անտեր, բախտի քմահաճույքին հանձնված: Բայց պետական քաղաքականության փոփոխությամբ այդպիսիք հո չվերացա՞ն: Ախտածին գենը շարունակություն ունի, իսկ ժամանակակից աշխարհում տիրոջ պակաս չկա` պատվեր, փող, և ոչ մի սրբություն: Մեր իրականությունը հայելային ճշգրտությամբ ցույց է տալիս, որ անտեսանելի մի բանակ զբաղված է քայքայիչ, պառակտողական աշխատանքով այս կամ այն և մանավանդ հոգևոր ոլորտում: Աշխատանք, որը եթե տեսանելի կերպով չի վնասում պետության անվտանգությանը, ապա անմիջականորեն հարվածում, ջախջախելի է դարձնում հոգևոր միասնական դաշտը:

«Համամարդկային» անվան տակ արևմտյան չափանիշների (օտարի շահերից բխող չափանիշների) մեզ պարտադրելուն զուգընթաց` հայ իրականության մեջ` հատկապես մամուլում, կազմակերպվող կլոր-քառակուսի-տձև սեղանների ժամանակ ավելի ու ավելի ցինիկ դրսևորումներ են ստանում մեր ազգային արժեքների հանդեպ արհամարհանքը, այդ արժեքներից հեռանալու կոչերը: Արդեն Ավարայրը դառնում է վիճարկելի, Վարդան Մամիկոնյան խորհրդանիշը դառնում է վիճարկելի, և դեմքին մի կերպ խոհուն արտահայտություն տված «մտածողի» բաճկոնի գրպանից խորամանկորեն աչքով է անում ներդրված բացիլը: Այսինքն, այլևս անթաքույց, ինչ-որ հոգևոր կլինիկաների թելադրանքով ապազգային քարոզչություն է ծավալվում: Մեզ ներկայացվում է պատմական անիմաստ բեռ քարշ տվող հիվանդի մեղադրանք, ընդ որում այնպիսի հիվանդի, որը մերժում է առաջարկվող բուժումը: Իսկ առաջարկվող բուժումը հոգևոր կործանումն է:

Զարհուրելին այն է, որ այս գործին լծվել են այստեղածին ինչ-որ քարոզիչներ, գրիչը սկզբում բերանը, հետո նոր թղթին դնող բախտագուշակներ, որ հայ են միայն փաստաթղթերով: Իրականում այդպիսիք, կանգնած լինեն թե պառկած, միևնույնն է, չոքած են: Ում առաջ` կարևոր չէ: Եվ դեռ ճամարտակում են, թե պարզամտություն է վերոհիշյալ հոգևոր աղետների պատճառը մեր ներսում չփնտրելը: Տեսեք ուր են հասել: Այսինքն, պետք չէ այդ ամենը դրսի հետ կապել, պետք չէ նման քարոզիչներին համարել հայակործան օտարի կամակատարներ և պետք չէ այդ ամենը համարել մի շատ ուրիշ ծրագրի հետևողական իրականացում:

Պետք է, քանզի այդ գործին լծված օտարը այս հողի վրա ուրիշ անելիք չունի մեզ պատմական հիշողությունից զրկելուց, տնտեսապես ստրկացնելուց, աշխարհի ամենաէժան աշխատուժի վերածված խառնամբոխ դարձնելուց, ՄԱԿ-ի կոպեկ (կարդա` լումա)  չարժեցող որոշումներով առաջնորդվող մի բազմության վերածելուց բացի: Մարդիկ անթաքույց դա են անում գերժամանակակից բոլոր մեթոդներով, հոգևոր ստրկացման բոլոր մեխանիզմներով: Անընդհատ հարվածում են բոլոր ուղղություններով` մեր բարոյականությանը, պատմական հիշողությանը, կրթությանը, տնտեսությանը, ներհասարակական հարաբերություններին, մշակույթին: Ազգային արժևորման առումով, հիմա շատ բան է երերում, որովհետև սեպի պես խրել են վերագնահատման ցեցը: Եվ ժամանակ առ ժամանակ մթնոլորտում ինչ-որ գարշահոտություն է տիրում:

Ի դեպ

Ոչ վաղ անցյալում, ավելի ստույգ, 9Օ-ականների սկզբին, երբ դեռ չէր ավարտվել Արցախյան պատերազմը, երբ կռիվների մեջ դեռ նոր-նոր էր կազմավորվում Հայոց կանոնավոր բանակը, ոչ անհայտ քաղաքական գործիչներից մեկը շրջանառության մեջ դրեց «անպաշտպանվածությունը մեր պաշտպանվածությունն է» կարգախոսը: Ասել կուզի` եթե մենք մարտունակ, կանոնավոր բանակ չունենանք, ապա մեր դեմ պատերազմելու կարիք էլ չի լինի: Այս «թեզի» ճշտի ու սխալի մեջ խորանալու նույնիսկ հարկ էլ չկա այսօր, երբ բոլորիս համար պարզ է` անպաշտպան լինեինք, մեզ կերել էին:

Ինչու հիշատակեցի սա: Որովհետև երբ նայում ես Հայաստանի ներկայիս տեղեկատվական «համակարգին», ակնհայտ է, որ այն հիմնականում և մեծ մասամբ զբաղված է «ներքին պատվերների» շուկայում` ով ում, ինչ, որտեղ և այլն: Նայած պատվերի: Այս առումով բոլորովին անկարևոր են դառնում Հայաստանի ապագայի, հոգևոր մաքրության, ժողովրդի բախտով մտահոգության մասին երբեմնակի ճամարտակությունները:

Խոսքը, մասնավորապես, արտաքին տեղեկատվական իբր գոյություն ունեցող համակարգի մասին է, որն զբաղված է, ինչպես հիմա է ընդունված ասել, տեղեկատվական անվտանգության հարցերով: Այ, հենց այս տեղեկատվական անվտանգությանը նայելիս էլ ակամա հիշում ես, որ  «անպաշտպանվածությունը մեր պաշտպանվածությունն է»: Գործիչը գնաց, կարգախոսը մնաց:

Իսկ վտանգը մեր կողքին է:

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հրապարակախոս` Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ,

ArmAr.am


Դիտել Politics, Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն