Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հիլարի Քլինթոնի այցը հստակեցրեց Վաշինգտոնի դիրքրոշումը

Հուլիս 7, 2010թ. 17:39

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան հստակեցրեց Վաշինգտոնի դիրքրոշումը թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և թե Ղարաբաղյան բանակցային գործընթացների շուրջ: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանկ իր տեսակետը հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ բանախոսի, Քլինթոնը թե իր հայտարարություններով և թե Ծիծեռնակաբերդ մասնավոր այցելությամբ Անկարային ակնարկեց, որ Վաշինգտոնը գործուն քայլերի է սպասում Երևանի հետ հարաբերոթյունների կարգավորման գործընթացի շրջանակներում: Քաղաքագետի համոզմամբ, Քլինթոնը պարզ զգացնել տվեց, որ այդ հարցում Միացյալ Նահանգները համամիտ են Հայաստանի հետ:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Քլինթոնի հայտարարություններին, Ա.Իսկանդարյանը նկատեց, որ դրանք չեն տարբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարություններից, թե հիմնահարցը պետք է կարգավորվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա: «Նրանց պետք է, որ կարգավորման ձևաչափը չմահանա»,-նշեց բանախոսը:

Ի պատասխան Aysor.am-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք Քլինթոնի հայտարարությունը, թե հիմնահարցը պետք է լուծում գտնի «Ղարաբաղի ժողովրդի, Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքի շնորհիվ» կարո՞ղ է նշանակել, որ Վաշինգտոնը կողմ է, որ ԼՂՀ-ն վերադառնա բանակցային սեղանին, քաղաքագետն ասաց, որ նման հայտարարությամբ Քլինթոնը զուտ վերահաստատեց Մադրիդյան սկզբունքների այդ դրույթը, թե հիմնահարցը պետք է լուծում գտնի` նաև Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հաշվի առնելով:

«Բայց այսօր Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի մոտ վերադարձնելն անհնար է, քանի որ Ադրբեջանը կոշտ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ»,- նշեց բանախոսը:

Ա.Իսկանդարյանը չի կիսում նաև այն տեսակետը, թե ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը տարածաշրջան կարող է լուրջ զարգացումներին խթան հանդիսանալ:

«Պարազապես նա այցելել է նախկին ԽՍՀՄ այն տարածխաշրջան, որտեղ Միացյալ Նահանգներն ունեն իրենց հետաքրքրությունները»,- նկատեց Ա.Իսկանդարյանը:

Ըստ բանախոսի, Քլինթոնի այցը չի կարող որևէ ազդեցություն ունենալ նաև Ղարանաղյան կարգավորման վրա: Նա համոզմունք հայտնեց, որ մոտակա ժամանակ որևէ նոր փաստաթուղթ ի հայտ չի գա:

«Կլինեն զուտ նոր հանդիպումներ, հայտարարություններ և փաստաթղթեր, որտեղ կնշվի, որ բոլոր հարցերը լուծված են: Դա մենք տեսել ենք բազմաթիվ անգամ, բայց հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի կատարվելու»,- եզրափակեց Ա.Իսկանդարյանը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն