ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը
Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Սերժ Լագոշի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպաններ Վիգեն Չիթեչյանը եւ Սերժ Սմեսովը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց բոլոր ուղղություններով կայուն զարգացող հայ-ֆրանսիական հարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ փոխգործակցության զարգացման համար լուրջ գործոն են հանդիսանում քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը, ինչպես նաեւ միջխորհրդարանական ամուր հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև պատմամշակութային դարավոր կապերը և Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ֆրանսիայի Սենատի և Հայաստանի Ազգային ժողովի միջև կապերը միշտ եղել են բավականին ակտիվ եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում կարեւորեց բարեկամության խմբերի դերը: ԱԺ նախագահը շեշտեց, որ ԵՄ-ի հետ մերձեցումը և եվրաինտեգրման քաղաքականությունը Հայաստանի արտաքին քաղաքականության եւ ներքին բարեփոխումների գերակայություններից են եւ Հայաստանում շարունակվում են ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումները:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձևաչափ, որը կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունի: Պարոն Աբրահամյանը անդրադարձավ նաեւ վերջին շրջանում առավել հաճախ դարձած ադրբեջանական ռազմատենչ հայտարարություններին եւ Բաքվի կողմից հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպված սադրանքին, որին զոհ դարձան 5 հայ զինծառայող, մտահոգություն հայտնելով , որ միջազգային հանրության կողմից համարժեք արձագանք չեղավ եւ Ադրբեջանի գործողությունները չդատապարտվեցին, ինչը կբացառեր նման դեպքերի կրկնվելը: ԱԺ նախագահը խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման հնարավորությունների մասին:
Սերժ Լագոշը կարեւորեց խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացման, շփումների, փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը, որը կնպաստի Ֆրանսիա-Հայաստան փոխգործակցության առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Նա բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի ջանքերն ուղղված Ֆրանկոֆոնիայի զարգացմանը Հայաստանում եւ Երեւանում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի 23-րդ համաժողովի անցկացումը:
Ֆրանսիայի Սենատի անդամը նույնպես կարեւորեց ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Երկուստեք կարեւորվեց խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը եւ միջազգային կառույցներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն












