Թուրքիայում բռնի իսլամացնում են հայերին, իսկ միջազգային հանրությունը լռում է
Այսօր խիստ մտահոգիչ է դարձել Պոլսի հայ համայնքի վիճակը: Թուրքիայում իսլամական տրամադրությունների տեսանելի աճ է նկատվում ընդդեմ քրիստոնեության, ինչին, միանշանակորեն, նպաստում է Թուրքիայի ներկայիս իշխանությունը:
«Սա լուրջ հարց է: Պոլսահայ համայնքը թուրքական ճնշման վտանգի տակ է: Դա նպաստում է արտագաղթին: Համայնքում նվազում է հայերենի իմացությամբ երիտասարդների թիվը: Կան հայկական դպրոցներ, բայց այնտեղ նվազագույնի են հասցված հայոց լեզվի, գրականության եւ պատմության առարկաները: Չի կարելի համոզված լինել, որ Թուրքիան չի փոխել իր ձեռագիրը եւ չի կրկնի այն, ինչ եղավ 1955 թ., երբ Ստամբուլում սպանվեցին մի քանի տասնյակ հայեր, եւ դա որակվեց պոգրոմ»,-մտահոգված փաստում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Առավել անհանգստացնողն այն է, որ թուրքական իշխանությունների վարքագծին և հայերի բռնի իսլամացմանը չեն արձագանքում միջազգային կազմակերպությունները: Արձագանքում են միայն միջազգային կրոնական կազմակերպությունները` զեկույցներում անդրադառնալով այդ խնդրին: Քաղաքական հարթության վրա հարցը երբեւէ չի բարձրաձայնվել: ԵՄ-ը պաշտոնական շրջանակներում գնահատականներ չի տալիս, որովհետեւ չի ցանկանում, որ Թուրքիա-ԵՄ համագործակցությունը դադարի:
Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Պոլսի պատրիարքարանը նպաստում է թուրքական իշխանության նպատակների իրականացմանը: Թուրքիային անհրաժեշտ է այնպիսի պատրիարք, որը կկարողանա խոսել իշխանությունների շահերից:
ArmAr.am












