Որևիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել
Վերջին երկու օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր պաշտոնական դեմքերի շուրթերից տարբեր հայտարարություններ են հնչում: «Կապիտալի» խնդրանքով փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է այդ հայտարարություններից մի քանիսը:
-Պրն Քոչարյան, նախօրեին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են կարգավորման վեց տարրերը` Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր և վերջնական կարգավիճակները, ԼՂ-ի շուրջ տարածքների վերադարձը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը, փախստականների ու տեղահանվածների վերադարձի իրավունքը, խաղաղության ապահովման միջազգային երաշխիքները: Ի՞նչ է նշանակում «ընդունում են կարգավորման տարրերը»:
-Այդ տարրերը ներառված են Մադրիդյան փաստաթղթում, որը դեռ 2008թ. մեր կողմից ընդունվել է որպես հիմք բանակցությունների համար: Հայաստանն ասել է նաև, որ ընդունում է նույն տարրերի վրա հիմնված Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակը, որը ներկայացվել է կողմերին Սանկտ Պետերբուրգում շուրջ մեկ ամիս առաջ:
Կարևոր է արձանագրել, որ համաձայն այդ տարրերի` Ղարաբաղը պետք է ունենա միջազգայնորեն ճանաչված անցումային կարգավիճակ, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի՝ համաձայն Արցախի ժողովրդի կամարտահայտության, որը կունենա պարտադիր իրավական ուժ բոլորի համար:
-Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը (հուլիսի 9) հայտարարել է, որ Ալմաթիում հուլիսի 16-17-ին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության լուծման առաջին փուլում Քելբաջարի և Լաչինի շրջանները հանձնելու հարցը։ Նման հարց հանդիպման օրակարգում կա՞։
-Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել: Որևիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության արդյունքների, և պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից:
-Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքների հիման վրա այսօր առաջարկվող սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար, և ազգերի ինքնորոշման իրավունքը չպետք է վնասի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Ձեր մեկնաբանությունը։
-ՄԱԿ-ի անդամ երկրի ղեկավարը պետք է իմանա, որ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը այդ կազմակերպության նպատակներից է, իսկ տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը: Այս պարզ ճշմարտությունը, ինչպես նշեցի, արտացոլված է նաև Մադրիդյան փաստաթղթում և վերջին տարբերակում: Ի հեճուկս Ադրբեջանի ղեկավարների անհույս ճիգերի` միջազգային իրավունքը միջազգային իրավունք է, այլ ոչ թե իրենց անհիմն տեղայնական պատկերացումները իրավունքի մասին:












