Օրենսդրական մեկ անեկդոտ
«Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է:
Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ, գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաեւ այլ լեզուներով` համեմատաբար փոքր տառերով»:
Սա Գովազդի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն է: Պետական օրենքի այս հոդվածն իրոք անեկդոտ կթվա, եթե թեկուզ մի տասը րոպե քայլենք Երևանի ցանկացած փողոցով: Պետական հռչակված լեզվի հանդեպ այսպիսի քամահրանք, օտարամոլության այսպիսի անզուսպ կիրք երևի այլ տեղ չես հանդիպի: Եթե նույնիսկ կա էլ, դրա մասին կիմանան առաջավոր փորձ ձեռք բերելու նպատակով արտասահման գործուղվող պաշտոնյաները, հատկապես նրանք, որոնք ի պաշտոնե կոչված են վերահսկելու սույն օրենքի իրականացումը, այսպես ասած, լիազորված մարմինները: Չնայած մեզանում «օրենքի իրականացում» ասվածն էլ ուրախ արտահայտությունների շարքն է դասվել:
Ո՞րն է անկախ Հայաստանի մայրաքաղաքի ճակատի գիրը և մանավանդ` ու՞մ համար: Ճշգրիտ միայն մի բան կարելի է ասել` ոչ մեզ համար, քանի որ խանութների, սրճարանների, ժամանցի վայրերի (դժվարանում եմ ասել, թե Երևանում ուրիշ ինչ կա) ցուցանակներին, կանչող ու հնչող գրություններին նայելիս իրեն օտար է զգում միայն հայը: Իսկ, այ, ասենք, Շրիլանկայից մեր կրթահամակարգի ղեկավարներին ղեկավարելու եկածն իրեն զգում է, ինչպես ձուկը` ջրում: Ցուցանակների գերակշիռ մասում ոչ միայն պահպանված չէ հայերեն և օտար տառերի չափերի համամասնությունը (ինչպես պահանջում է վերը հիշատակված եղած-չեղած հոդվածը), այլև հայերեն տառ էլ չկա, որ համեմատես:
Եվս մեկ մեջբերում սույն օրենքից.
1-ին հոդված, ե/ կետ. «կանխել այն գովազդների տարածումը, որոնք առաջ են բերում ոտնձգություններ հասարակական արժեքների եւ բարոյականության համընդհանուր նորմերի նկատմամբ»:
Բանից պարզվում է` մեր երկրում ամեն ինչ հասարակական արժեք ունի, բացի պետական լեզվից, որի հանդեպ ոչ թե ոտնձգություններ են կատարում, այլև ենթարկում բացահայտ ծաղրուծանակի: Բայց այս առումով մենք պիտի համեմատաբար հանգիստ լինենք, որովհետև, լսել եմ, գոյություն ունի Լեզվի պետական տեսչություն, որի առաջնահերթ պարտականություններից մեկը հայերենի գործառնության ապահովումն է բոլոր բնագավառներում և լեզվի հանդեպ ոտնձգություն կատարողներին, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվության ենթարկելը: Բայց այս չաղլիկ մարմինը կարծես չի կատարում իր պարտականությունները, քանի որ իր գոյության մասին միայն լսել ենք; Ուստի, հավանաբար, անզոր հայացքով միայն հետևում է օտարալեզու շքերթին, տնքում և սկսում մտածել էսպերանտոյի մասին: Թերևս այսպես է, քանի որ հիմա այս տեսչության ձայնը պիտի լսվեր ամենուրեք, քանզի լեզվական առումով այսպիսի խայտառակ վիճակ չի եղել երբեք: Նախկինում լեզվի պետական տեսչությունը Կառավարությանն առընթեր մարմին էր, ինչը ենթադրում է լիազորությունների ավելի մեծ շրջանակ: Այժմ Գիտության և կրթության նախարարության մի պատրաստակամ ստորաբաժանում է` լիազորությունների հասկանալի շրջանակով: Սա լեզվի հանդեպ պետական վերաբերմունքի խոսուն դրսևորում է:
Էլ ինչ լեզվի մասին օրենք, որի առաջին հոդվածով ամրագրված է.
«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է»:
Եթե մի օրենքում պետական հռչակված լեզվին վերապահվում է ոչ թե պարտադիր գործառնական, այլ սպասարկուի դեր, այդ օրենքն իրականացնողներն էլ իրենց պիտի զգան լեզվի հանդեպ տիրոջ դերում:
Եվս մեկ անեկդոտ.
Լեզվի մասին ՀՀ օրենք, 5-րդ հոդված. « Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար»
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ` Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ, lezu.am
ArmAr.am












