Իրանը պատրաստվում է դիմակայել ԱՄՆ-իսրայելական հնարավոր հարձակմանը
Իսրայելական ինտերնետային կայքէջերից մեկը, հիմնելով իրանական աղբյուրների տարածած տեղեկատվության վրա գրում է, որ Իրանի կառավարությունը երկրի հյուսիս արևմուտքում` Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում, հայտարարել է պատերազմական դրություն` մարտական իրավիճակում պահելով այդ շրջաններում տեղակայված զինուժը: Իսրայելական կայքէջի փոխանցմամբ, ականատեսները վկայում են, թե Ադրբեջանի սահմանին տեղակայված են հրետանային համակարգեր, հակաօդային համալիրներ:
Իրանական զինուժը մարտական վիճակում պահելու և զորակոչ սկսելու մասին լուրը հաստատել է նաև Իրանի Հեղափոխական պահակագնդի բարձրաստիճան սպա, ԱՄՆ-Իսրայել հնարավոր հարձակմանը դիմակայելու լիազորություն ստացած ուժերի հրամանատար Մեհտի Մոունին:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Իրանի նման զգուշավորության պատճառն այն անհանգստությունն է, որ ԱՄՆ-ը ու Իսրայելը կարող են Ադրբեջանի տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակում գործելու համար:
Հրամանատար Մեհտի Մոունին հայտարարել է նաև, որ իրանական զիրնուժը գտնվում է մարտունակ վիճակում, քանի որ մի շարք արևմտյան երկրներ փորձում են խաթարել երկրի խաղաղությունը և երկրի ներսում հրահրում են ազգամիջյան հակասություններ` իրանաբնակ ադրբեջանցիների ու տեղացիների միջև:
Իսրայելական նույն կայքը նաև տեղեկացնում է, թե իրանական կողմը զգուշանում է նրանից, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը կարող են նաև Վրաստանի տարածքն օգտագործել Իրանի դեմ հարձակում կազմակերպելու համար:
ArmAr.am












