Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը մեկնարկեց

Հուլիս 12, 2010թ. 15:07

Vocke ziranԵրեկ մեկնարկեց «Ոսկե ծիրան»  7-րդ միջազգային կինոփառատոնը:  Կինոփառատոնի պաշտոնական բացմանը ներկա էին կինոաշխարհի հայտնի ներկայացուցիչներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Նախքան պաշտոնական բացումը, փառատոնի հյուրերը Սուրբ Զորավոր եկեղեցում մասնակցեցին ավանդական ծիրանի օրհնությանը: Երեկոյան` երևանյան այս կարևոր մշակութային միջոցառման մեկնարկը տրվեց ջազի հնչյուրններով. «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ ջազային համերգ:

Մինչ փառատոնի մեկնարկը, Շառլ Ազնավուրի հրապարակում վարչապետ Տիգրան  Սարգսյանի, աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեի, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի  մասնակցությամբ բացվեցին Սերգեյ Փարաջանովի, Անրի Վեռնոյի, Ռուբեն Մամուլյանի եւ Համո Բեկնազարյանի աստղերը։

Այնուհետև կարմիր գորգը կինոգործիչներին և փառատոնի պատվավոր հյուրերին ուղեկցեց կինոթատրոնի դահլիճ:

«Ոսկե ծիրանն»  այս տարի վարում  էր «Կաննի»  միջազգային կինոփառատոնում 2010 թվականի  լավագույն անիմացիոն ֆիլմի համար «Ոսկե արմավենի» ստացած ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը։

Բացման խոսքով հանդես եկան փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը, փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փառատոնի պատվավոր հյուրին՝ աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեին հանձնեց Մշակույթի նախարարության ոսկե մեդալը, Անրի Վերնոյին հետմահու շնորհվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար, որը ստացավ նրա որդին` Պատրիկ Մալաքյանը: Փառատոնի «Մանթաշյան ասպետ» մրցանակն այս տարի ևս շնորհվեց փառատոնի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին` փառատոնի աշխատանքներին օժանդակելու և ծրագրերն իրականանալի դարձնելու համար:

Փառատոնը մեկնարկեց Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով։ Պատահական չէ այս ֆիլմի ընտրությունը, քանի որ այս տարի լրանում է ֆրանսահայ ռեժիսորի 90-ամյակը եւ հենց այս ֆիլմում է, որ իր լավագույն դերերից մեկը խաղացել է Կլաուդիա Կարդինալեն։

Տեղեկացնենք, որ այս շաբաթվա ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու աշխարհի լավագույն ֆիլմերը, հանդիպելու կինոարվեստի մեծագույն գործիչների հետ և վայելելու մշակույթով հագեցած շաբաթ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն