Հ/Կ-ները կատարում են Քլինթոնի հրահանգը
Մինչ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան կատարած այցը, թուրք վերլուծաբանները հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակի մասին խոսելիս այնգնահատում էին`«անհույս սառեցված»: Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղարի այցելությունից հետո թուրքական լրատվամիջոցների էջերը հեղեղվել են այդ հարաբերությունների հնարավոր վերակենդանացման մասին նորանոր կանխատեսումներով. օրինակ, Քլինթոնի այցից հետո թուրքական լրատվամիջոցները սկսել են հաճախակի խոսել հայ-թուրքական սահմանի բացման հավանականության մասին:
Թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը նշում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար գործի են անցել թուրքական հասարակական կազմակերպությունները: Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Հայաստան այցելած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպում էր ունեցել նաև Հայաստանի հասարակական կազմակերպությունների հետ: Հետաքրքրականն այն է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հրահանգով հանդիպումը նկարահանող տեսախցիկները դուրս էին բերվել սրահից, այնուհետ հանդիպումն անցել էր փակ ֆորմատով։ Լրատվամիջոցների համար այդպես էլ գաղտնիք մնաց, թե հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ի՞նչ թեմայի ու խնդրի շուրջ էին զրուցել ԱՄՆ պետքարոտուղարի հետ:
Ընդորում, Հ/Կ-ների ներկայացուցիչներին դեսպանատան աշխատակիցները նախապես պատվիրել էին քննարկման բովանդակությունը հայ հասարակության համար գաղտնի պահել: Եվ ահա այսօր, երբ և’ Թուրքիայում, և’ Հայաստանում հայ-թուրքական հարաբերությունների վերակենդանացման ուղղությամբ միանգամից սկսել են աշխուժանալ հասարակական կազմակերպությունները, ամեն ինչ շա~տ պարզ ու հասկանալի է դառնում` թե ինչի շուրջ էին գաղտնի զրուցել ու ինչ հրահանգներ են ստացել ԱՄՆ պետքարտուղարից հայաստանյան հ/կ-ների ներկայացուցիչները:
Ի դեպ, գաղտնիք չէ, որ այդ հասարակական կազմակերպությունները հիմնականում ֆինանսավորվում են միջազգային կառույցների կողմից: Իսկ երաժշտություն պատվիրում է նա, ով վճարում է…
Եվ ահա, թուրքական «Զաման»-ը տեղեկացնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար Թուրքիայի 35 նահանգներում ներկայացված բազմաթիվ հասարակական քաղաքական կազմակերպություններ ընդգրկող Հ/Կ-ների կոնֆեդերացիան շուտով հանդիպելու է հայկական կողմի նմանատիպ կառույցների հետ:
Այսպես, հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ կոնֆեդերացիայի և համշենցիների միության անդամները կհանդիպեն Թուրքիայում և կքննարկեն երկու երկրների միջև քաղաքական, առևտրային հարաբերությունների կարգավորման խնդիրները: Ասենք, որ թուրքական հ/կ-ները շուրջ մեկ տարի է ինչ կապեր են պահպանում Հայաստանի Համշենցիների միության հետ:
ArmAr.am
Թեգեր` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն, հայ-թուրքական հարաբերություններ, հասարակական կազմակերպություն












