Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ինչո՞ւ են համանախագահները փորձում անգետ ձևանալ

Հուլիս 13, 2010թ. 12:44

Hamanaxagahner-Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի սկզբից ևեթ Ադրբեջանին հաջողվեց առաջ մղեց տարածքային ամբողջականության սկզբունքը` այն հակադրելով ու գերակա հայտարարելով արցախահայության միջազգային իրավունքով ամրագրված արդար պահանաջին` ազգերի ինքնորոշման իրավունքին:

Ադրբեջանի իշխանությունները հրաշալի գիտակցում էին, որ միջազգային իրավունքի տեսանկյունից իրենց հիմքերը խարխուլ են, որ գոյություն չունի որևէ իրավական փաստարկ կամ փաստաթուղթ, որով մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունը կարող է հիմնավորել Արցախի Հանրապետության նկատմամբ իր հավակնությունները: Բաքվի իրավական փաստարկների փաթեթում չկա իրավական բնույթի որևէ հիմնավորում` Լեռնային Ղարաբաղը`  «Ադրբեջան» անունով աշխարհագրական տարածքի կամ այդ անունով որևէ ինքնիշխան պետության պատկանելու մասին:

Եվ ահա, բանակցային գործընթացի սկզբից Ադրբեջանը  շրջանառության մեջ դրեց` «տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա է ազգերի ինքնորոշման իրավունքին»  միջազգային իրավունքի տեսանկյունից անհիմն ու տգետ «փաստարկը», ինչի վրա էլ  խարսխվեց Ադրբեջանի քաղաքական ուղենիշը:

Սակայն տարօրինակն այն է, որ նման անտարմաբանական «փաստարկը» լուրջորեն ընդունվեց Արցախյան հիմնախնդրի կարգավորման առաքելությունն իրենց ուսերին վերցրած, միջազգային իրավունքի գիտակ համարվող համանախագահողների կողմից: Սիրահոժար «կուլ տալով» Բաքվի հրամցրած «դեղատոմսը», փաստորեն, տարիներ շարունակ Ադրբեջանին հնարավորություն տրվեց, խաղարկելով տարածքային ամբողջականության սկզբունքը, կեղծել ու գլխիվայր ներկայացնել արցախյան հիմնախնդրի իրական բնույթը: Մյուս կողմից էլ   այն խաղաքարտ դարձավ  հենց համանախագահների ձեռքում, որոնք նախընտրելի պահին ուզածի չափ շարունակում են մանևրել երկու սկզբունքների արանքում:

Ադրբեջանական  քարոզչամեքենան, վարպետորեն նենգափոխելով պատմական, իրավական ու քաղաքական փաստերը, այսօր հասել է նրան, որ  միջնորդ երկրների ներկայացուցիչները, ձայնակցելով Ադրբեջանին, արցախյան հակամարտության մասին հնչեցրած ցանկացած հայտարարություն սկսում ու ավարտում են «տարածքային ամբողջականության սկզբունքին»   համակարծիք լինելու իրենց թյուրքահաճ հավաստիացումներով:

Իրականում տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքներն անհամատեղելի են, ու առավել ևս անհնար է փորձել արցախյան հակամարտությունը լուծել երկու սկզբունքները համադրելու ճանապարհով: Տեղին է  նկատել Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Գերոգի Պետրոսյանը, ասելով. «Մենք խոսում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, իսկ Ադրբեջանը` տարածքների մասին», ու քանի դեռ բանակցությունները շարունակում են կառուցվել երկու հակադիր սկզբունքների հիման վրա, Գ.Պետրոսյանի համոզմամբ, կողմերի միջև դիրքորոշումների ընդհանուր եզրեր չեն կարող լինել: «Այդ պատճառով պաշտոնական Բաքուն չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հետ որևէ շփման գնալ: Դեռ ավելին, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում են զավթողական նկրտումների մասին»,- նկատել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

Ակնհայտ է, որ երկու հակադիր սկզբունքները մեկ հարթության մեջ դիտարկել` նշանակում է, մի կողմից կոպտորեն հակադրվել միջազգային իրավունքի նորմերին, մյուս կողմից` դեռ  էն գլխից կանխորոշել բանկցային գործընթացի ձախողումը: Միամտություն կլինի կարծել, թե այդ ամենը չեն գիտակցում Մինսկի խմբի համանախագահները: Իսկ թե ինչու են փորձում անգետ ձևանալ, դրա պատասխանը օրերս զարմացնող անկեղծությամբ հնչեցրեց ԱՄՆ Զինված հակամարտությունների ուսումնասիրության միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով վերլուծաբան Ժերար Շալյանը. «Կա մի պետություն, որը տալու, առաջարկելու որևէ բան չունի (իմա` Հայաստան), և հարուստ պետություն (իմա` Ադրբեջան), որը նավթամուղի սկիզբն է։ Սա նշանակում է, որ այսօր աշխարհում շահերը նույնքան կարևոր են, որքան սկզբունքները»…

Արմինե Սիմոնյան

ArmAr.am


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն