Գլխավոր » Genocide, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Սամվել Նիկոյան.«Թուրքիայի վարչապետը մեկ խնդիր ունի` ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը»

Հուլիս 13, 2010թ. 15:21

NikoyanԹուրքիայի վարչապետը Էրդողանը Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքում ունեցած իր ելույթում խոսել է 15 տարի առաջ բոսնիացի մահմեդականների զանգվածային սպանությունների մասին՝ նշելով, որ նման ոճիրները ծանր հարված են մարդկության արժանապատվությանը և սև բիծ ոչ միայն Բալկանների, այլև ողջ եվրոպայի համար: Եվ նման մարդասիրական ճառեր ասում է մի երկրի վարչապետ, որի նախնիները իրականացրել են աշխարհի առաջին զարհուրելի ցեղասպանությունն ու մինչ օրս համառորեն չեն ուզում ընդունել այն:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքում հնչեցրած հայտարարությանը ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն ասել է. «Նորմալ, բանական մարդու տեսանկյունից անհասկանալի է Թուրքիայի վարչապետի ելույթը: Էրդողանի ելույթը վիրավորական է ոչ միայն հայերի համար, այլև ընդհանրապես ողջ գիտակից հասարակության համար: Այն` գառան մորթի հագած գորշ գայլի խոսք է: Եթե Թուրքիան ճանաչած և դատապարտած լիներ հայերի նկատմամբ իրենց գործած Ցեղասպանությունը, միայն դրանից հետո Էրդողանը բարոյական իրավունք կունենար նման թեմաներով հայտարարություններ անել: Սակայն մերժողականությունը նրանց պետական քաղաքականության հիմքում է ընկած»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Նրա խոսքերով, թուրքերը` իրենց երկրում, իրենց կողմից 1.5 մլն հայերի ամենադաժան, ամենաանմարդկային ձևով բնաջնջման մասին խոսելու փոխարեն` հայտարարություն է անում այլ պետությունում, 8000 մահմեդականի սպանության առնչությամբ:

«Ճիշտն ասած` մտահոգիչ է այն հանգամանքը, որ Էրդողանը, խոսելով բոսնիացի այն կնոջ մասին, որն այդ պատերազմում կորցրել էր իր ամուսնուն և երկու որդիներին, սակայն ձեռք էր մեկնել նախագահ Տադիչին, բարձր է գնահատել այդ կնոջ վարքագիծը: Ես կցանկանայի զուգահեռներ անցկացնել և ասել հետևյալը. Սերժ Սարգսյանը ևս իր մեջ հաղթահարեց այդ մեծ անջրպետը և փորձեց նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Իսկ ինչպե՞ս վարվեց Թուրքիայի ղեկավարը` բոլորին է հայտնի»,- ասաց Ս. Նիկոյանը:

«Զուգահեռներ անցկացնելով այս երկու երևույթների միջև, գալիս ենք այն եզրակացության, որ Թուրքիայի վարչապետը չէ, որ պետք է խոսի արդարությունից, ազնվությունից, նա չէ, որ պետք է խոսի խաղաղությունից կամ այլ պետություններում տեղի ունեցած ոճրագործություններից: Թուրքիայի վարչապետը մեկ խնդիր ունի. ճանաչել և դատապարտել հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը, դրանից հետո միայն` խոսել մնացած հարցերից: Եթե որևէ հանցանք մնում է անպատժելի, ավելի մեծ հանցանքներ են ծնվում: Եթե Թուրքիայի գործած ոճրագործությունը աշխարհի և հենց Թուրքիայի կողմից ճանաչված ու դատապարտված լիներ, որևէ այլ ոճրագործություն չէր լինի: Իսկ այժմ բոլորն էլ մտածում են, թե կարող են Ցեղասպանություն գործել և մնալ անպատիժ, որովհետև կա Թուրքիայի նախադեպը»,- ասաց ԱԺ փոխնախագահը


Դիտել Genocide, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն