Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Ժառանգություն» կուսակցության ընդունած հռչակագիր-բանաձևը

Հուլիս 13, 2010թ. 17:32

Ուղեգիծ ժառանգության`
Հայաստանի և հայ ժողովրդի բանաձը

1. Հայրենիքն ու հայրենյաց ժառանգությունը մեկն է եւ անբաժանելի:

2. Հինավուրց հայրենիքի մի անկյունում հռչակված ինքնիշխան Ազգ-պետությունը ճանաչում է հանրապետական Թուրքիային ու նրա ամբողջականությունը’ ենթակա 1920թ. նոյեմբերին ԱՄՆ նախագահական կնիքով հրապարակ­ված Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին: Դրանից ածանցվող’ երկկողմանի բոլոր խնդիրների համալիր ու վերջնա­կան կարգավորումը առարկայական նախադրյալ է Արցախի հիմնահարցի, ինչպես նաեւ ընդհանրապես հայ-ադրբե­ջանական հարաբերությունների արդարացի ու վճռորոշ հանգուցալուծման համար: Ցեղասպանության եւ հայրե­նազրկման ոճիրը’ ինչպես ու երբ էլ իրականացված եւ միջազգայնորեն սահմանված լինի, չունի վաղեմության ժամ­կետ:

3. Ազգ-պետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր սահմանադրական սահմաններով, ինչպեսեւ այն հանրապետական Ադրբեջանի ամբողջականությունը, ով եւս ճանաչում է թե՛ Արցախի Հանրապե­տությունը եւ թե՛ Շահումյանի, Գետաշեն-Մարտունաշենի, Արծվաշենի ու Նախիջեւանի պատմական բնօրրաննե­րի’ բռնազավթումից ազատագրման ենթակա լինելը: Տարածքային ոչ մի այլ ճշգրտում չի դիտարկվի կամ կիրարկ­վի, քանի դեռ վերոհիշյալը չի մտել ամբողջական ուժի մեջ:

4. Ազգ-պետությունը ճանաչում է հանրապետական Վրաստանին’ որպես դրկից կարեւոր պետություն, ով իր հերթին գիտակցում է, որ Ջավախքը թե՛ հայրենի ժառանգության անքակտելի մաս է, թե՛ երկուստեք անվտանգութ­յան հանգույց: Նրանց փոխադարձ հարաբերության հետագա բնույթը կպայմանավորվի ձեռնարկված այն քայլերի արդյունավետությամբ, որոնք կարտացոլեն այս գիտակցումը, ինչպես նաեւ կապահովեն վրացահայ համայնքի ու իր հաստատությունների հիմնարար ազատությունները:

5. Ազգ-պետությունը հարգում է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպական Միության ու Միացյալ նահանգ­ների գործընկերությունը եւ ակնկալում է նրանց հարգանքն իր բացարձակ ինքնիշխանության ու ժառանգության լիիրավ ամբողջականության նկատմամբ:

6. Ազգ-պետությունը’ Արարատի նախաշեմին եւ սփյուռքում, ճանաչում է, որ վերը եւ ստորեւ ամրագրված դրույթ­ների նախահիմքը իր իսկ անմիջական ու համապարփակ վերափոխումն է արդի, ժողովրդավար, ինքնավստահ Հանրապետության, որտեղ իշխում է օրենքը, հարգվում են իրավունքները, բացառվում է քաղաքական բանտարկ­յալների առկայությունը, եւ քաղաքացին է գերագույն իշխանությունը: Արդարություն աշխարհում’ ենթադրում է նախեւառաջ արդարություն տանը:

7. Իբրեւ ուղղակի հետեւանք եւ հանուն գալիք սերունդների, Ազգ-պետությունը երախտագիտությամբ արձանագ­րում է իր բոլոր նախագահների, քաղաքացիական ու ռազմական պաշտոնյաների, շարքային հայրենասերների մա­տուցած ծառայությունները’ միաժամանակ պահանջելով, որ նրանցից ամեն մեկը հավասարապես կանգնի օրենքի իշխանության առջեւ: Այն տարածքները, կալվածքները, ձեռնարկությունները, պատեհություններն ու մարդկային կյանքերը, որոնք նրանց պաշտոնների չարաշահմամբ մինչ այժմ սեփականվել, ունեզրկվել կամ զոհաբերվել են, պետք է փոխհատուցվեն միեւնույն օրենքի խստագույնս կիրառմամբ:

8. Հարկ է, որ Հայաստանն ու նրա ժողովուրդը երկար պատմության մեջ առաջին անգամ հրատապ կարգով կենսա­կոչեն նախագահական եւ օրենսդիր մարմնի ճշմարիտ ընտրություններ, դրանով իսկ’ դատական իրապես անկախ իշխանություն: Ապա թե ոչ’ գոյություն չունի ո՛չ ազգային օրակարգ, ո՛չ էլ պարզորոշ ճակատագիր, ուստիեւ’ մեր ի­րավատիրությունն արդեն իսկ եւ առհավետ մսխված է:

9. Ազգ-պետությունը, նրա յուրաքանչյուր քաղաքացին եւ ուրիշ ոչ մեկը’ առանց պատրվակի կամ բացառության, պատասխանատու են իրենց հավաքական ապագայի էջքերի ու մաքառումների համար:

«Ժառանգություն» կուսակցություն


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն