Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար. «Հուսով ենք, որ համաժողովի ընթացքում կշտկվեն համագործակցության ուղիներն ու կոնկրետ ոլորտները»

Հուլիս 13, 2010թ. 18:54

Musher Tumasyan-Ekonomikayi poxnarararԵրևանում այսօր բացվեց Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովը, որը կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը` Հայաստան-Լեհաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակներում:

Մինչ գործարար համաժողովի պաշտոնական բացումը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումանյանը և Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Մարցին Կորորոլեցը ստորագրեցին միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի արձանագրությունը: Գործարար համաժողովի ողջույնի խոսքում երկու նախարարները կարևորեցին հայ-լեհական տնտեսական կապերի խթանմանն ուղղված գործարարների միջև ակտիվ շփումները:

«Հուսով ենք, որ համաժողովի ընթացքում կշտկվեն համագործակցության ուղիներն ու կոնկրետ ոլորտները»,- նշեց Մ. Թումանյանը:
Հայ-լեհական գործարար համաժողովի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների և ներդրումային հեռանկարները: Ներկայացվեցին նաև Հայաստանի ընդհանուր տնտեսական իրավիճակն ու կարևորագույն ոլորտներ:

Երևան ժամանած լեհ պատվիրակության կազմում են Լեհաստանի էկոնոմիկայի նախարարը, բնապահպանության նախարարը, տրանսպորտի փոխնախարարը, լեհական բանկերի միության նախագահը և այլ պաշտոնատար անձինք: Նշենք, որ այսօր մեկնարկում է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու պաշտոնական այցը Հայաստան:

Ըստ Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների` Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը 2009 թվականին կազմել է 34.7 մլն դոլար: Արտահանունը կազմել է 0.7 մլն դոլար, ներմուծումը` 34 մլն.: 2010 թվականի 5 ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունը ավելացել է 6.9 %-ով և կազմել 10.7 մլն դոլար, այդ թվում` արտահանումը կազմել է 1.4 մլն դոլար, իսկ ներմուծումը` 9.3 մլն: Հայաստանից Լեհաստան արտահանվել է կաուչուկ, ալյումին, ներմուծվել են եթերային յուղեր, օծանելիք, կոսմետիկ ապրանքներ և այլն:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն