Նյու Յորքում Դավութօղլուի հանդիպումների ծրագիրը բավական ծանրաբեռնված է
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված «2009թ. բալկանյան առաջնորդների ժողովում» ելույթ ունենալով` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նաև պատասխանել է լրագրողների հարցերին: Վերջինս, խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ, վերահաստատել է Անկարայի որդեգրած արտաքին քաղաքականությունը, ըստ որի, հարևանների հետ վերջինս պետք է չունենա որևէ խնդիր և առավելագույնս համագործակցի նրանց հետ: Դավութօղլուն ընդգծել է, որ հարավկովկասյան տարածաշրջանում անհրաժեշտ է բարելավման այնպիսի մի գործընթաց, որի մեջ ներառվում է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը:
Կայացել է նաև Դավութօղլու-Մամեդյարով հանդիպումը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` քննարկվել է ղարաբաղյան հիմնահարցը:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Է. Նալբանդյանի հետ է:












